Փաշինյանի Ավարայրը

Փաշինյանի Ավարայրը

Հայրենական մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները շարունակում են լայնորեն լուսաբանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ մանավանդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարած փառահեղ եւ պատմական հաղթանակը ՀՅԴ երիտասարդների նկատմամբ: Մամուլը գրում է, «հաղթողներն» էլ՝ հրճվում: Կարելի է մտածել՝ մարզադաշտում ենք:

Թույլ տվեք մի իրական դեպք պատմեմ հաղթանակի մասին ու անցնեմ առաջ: Ուրեմն, մի անգամ պարսից շահը (չեմ հիշում՝ որ մեկը) իր մոտ է կանչում համապատասխան ծառայությունների ղեկավարներին եւ հետաքրքրվում.

- Դուք ի՞նչ գիտեք Վարդանանց տոնի մասին, որ տոնում են մեր երկրի հայերը:

- Ձերդ գերազանցություն, այդ տոնը կապված է հայերի եւ պարսիկների միջեւ տեղի ունեցած մի ճակատամարտի հետ,- պատասխանում է պաշտոնյաներից մեկը:

- Այո՞, իսկ ո՞վ է հաղթել այդ ճակատամարտում,- հարցնում է շահը:

- Մենք,- ասում է պաշտոնյան:

- Դե ուրեմն թող շարունակեն տոնել,- որոշում է շահը:

Հիմա ի՞նչ եմ ուզում ասել՝ շարունակեք տոնել Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, մանավանդ որ արտաքուստ նա, կարծես, հաղթել է: Հաղթանակի զգացումն այս պահին կարեւոր է… Իշխող թիմին հիմա ադրենալին է պետք:

Իսկ հիմա լրջանանք եւ փորձենք հասկանալ, թե իրականում ինչ տեղի ունեցավ: Սկսենք ամենաակնառու իրողությունից՝ Արայիկ Հարությունյանը մնաց իր տեղում: Փաշինյանը, թերեւս, ուրախ է այդ կապակցությամբ: Բայց հարցը Փաշինյանի ուրախությունը չէ, այլ հանրության մտահոգությունն առ այն, որ Արայիկ Հարությունյանի նման ապազգային եւ օտարամոլ երեւույթն է շարունակելու ղեկավարել մեր ժողովրդի հարատեւության համար անչափ կարեւոր մի քանի ոլորտներ: Վատ եմ զգում նույնիսկ հարցնել՝ քանի՞ հոգի է այսօր կողմ Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը: Եվ, ուրեմ,ն բացատրեք ՝ ո՞րն է իշխանությունների եւ նրանց ձայնակցող մամուլի այս մեծ հրճվանքի պատճառը:

Հաջորդ իրողությունն այն է, որ Արայիկ Հարությունյանն այլեւս առաջվա հպարտությամբ ներսուդուրս չի անելու նախարարության շենք, նույն փայլով չի ներկայանալու կառավարության նիստերին: «Էդ ինչի՞դ վրա ես երեւակայում, դու էն մերժված նախարարը չե՞ս»,- ամեն քայլափոխի նա այս խոսքերն է կարդալու իրեն շրջապատող մարդկանց աչքերում: Ընկճախտը սարսափելի բան է, գիտե՞ք: Ոչ մեկի չեմ ցանկանա: Եվ, առհասարակ, անընդունելի եմ համարում, երբ որեւէ պաշտոնյայի ասում են՝ «սիկտիր»: Բացի այն, որ տգեղ է եւ վարակիչ, նաեւ սպանիչ է, կոտրում է մարդուն, մատնում ընկճախտի: Արայիկ Հարությունյանին, ճիշտ է, հայերեն են ասել՝ «հեռացիր», բայց դա էլ պակաս ազդեցություն չունի, եթե, իհարկե, դիմացինն ունակ է հասկանալու այդ բառն իր ողջ տարողությամբ:

Իրողություն երրորդ: Ինչո՞ւ են այսօր Փաշինյանի հաղթանակը շեփորող լրատվամիջոցները շեշտը դնում նախկինների եւ ներկաների հակամարտության վրա եւ նշում, որ նախկին իշխանությունների հետ առնչակից ուժերի ձեռքի գործն էր սա: Ավելի հեշտ չէ՞ հարցը ներկայացնել ապաքաղաքական հարթության վրա: Ի վերջո, ի՞նչ խնդիր էին արծարծում ՀՅԴ երիտասարդներն ու նրանց միացած ուսանողները: Նրանք ընդամենը պահանջում էին չկասեցնել հայոց լեզվի եւ հայոց պատմության պարտադիր դասավանդումը ոչ մասնագիտական ֆակուլտետներում, հսկայական գումարներ չծախսել կասկածելի «տեսաարժեքներ» նկարելու եւ անհասկանալի ներկայացումներ բեմադրելու վրա, Հայ եկեղեցու պատմությունը չհանել դպրոցական ծրագրերից:

Մի խոսքով՝ պահանջում էին չեղարկել «Կրթության եւ գիտության մասին» օրենքում անտեղի եւ քայքայիչ փոփոխություններ կատարելու ԿԳՄՍ նախագիծը: Ի դեպ, այնպես էլ չէ, որ առաջինը ՀՅԴ երիտասարդները կարդացին այդ նախագիծն ու ընդվզեցին: Ընդվզումը բուհերում եւ գիտությունների ակադեմիայում արդեն իսկ սկսվել էր, երբ երիտասարդները դուրս եկան փողոց ու պաշտպանեցին հայեցի կրթություն ստանալու իրենց իրավունքը: Հիմա որ նախարարի պաշտոնը քաղաքական է, ուրեմն նրան ներկայացվող ամեն պահանջ պետք է քաղաքակա՞ն որակել: Սա ճիշտ մոտեցում չէ: Բացի այդ, բոլոր քաղաքական թիմերում էլ կան խելացիներ եւ ապուշներ: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականություն վարելիս ամեն անգամ նախրի մեջ էշի ճակատն է պաչում, ո՞վ է մեղավոր: Ուրեմն թող կարեւոր պաշտոնների նշանակի այնպիսի մարդկանց, որոնք ունակ են իրենց գլխավորած ոլորտների հետ կապված մասնագիտական բանավեճ վարել եւ ոչ թե ամեն անգամ հավարը գցել քաղաքականությանն ու պատերազմներ հրահրել հների ու նորերի միջեւ:

Հուսամ, որ բանավեճ վարելու Արայիկ Հարությունյանի վերջին փորձը շատերն են հիշում:
Վարչապետի վրա ոչ ոք չի կրակել կամ՝ իրողություն չորրորդ: Նորմալ մարդը, ինչքան էլ փորձի, չի կարող այնպիսի ձեւակերպում գտնել, որ այս «հաղթանակը» մեծապես վերագրվի անձամբ Նիկոլ Փաշինյանին: Բայց, ի բարեբախտություն վարչապետի, նրա շրջապատում հենց աննորմալների դեֆիցիտ չկա: Կարդացեք, խնդրեմ. «…փորձ էր արվում ստուգել Նիկոլ Փաշինյանի ամրությունը: Այդ իմաստով, Փաշինյանը պահեց առաջին հարվածը, ընդ որում՝ պետք է նկատել, որ ուժերի ամենեւին ոչ գերլարումով: Խոշոր հաշվով, ԿԳՄՍ նախարարի հրաժարականի շուրջ զարգացումն արձանագրեց հետհեղափոխական իրողություններում ուժերի հարաբերակցության անփոփոխ ստատուս-քվոյի հանգամանքը»: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այս օրերին կատաղի կռիվների մեջ է եղել, եւ մենք չենք իմացել: Կեցցե Նիկոլը, պահեց առաջին հարվածը… Եթե ԿԳ մասին օրենքում փոփոխություններ կատարելու ԿԳՄՍ նախարարության առաջարկների դեմ այս պայքարը համարելու լինենք Փաշինյանի մասնակցությամբ պատերազմական իրադարձություն, ապա ստիպված ենք լինելու նաեւ արձանագրել, որ Փաշինյանն այդ պատերազմում ընկավ «հերոսի մահով»: Ինչո՞ւ, որովհետեւ դեռ նստացույցի օրերին, Անվտանգության խորհրդի նիստում նա Արայիկ Հարությունյանին հայոց լեզվով ասաց, որ առաջարկների շուրջ քննարկումները պետք է շարունակել բոլոր, անխտիր բոլոր կողմերի հետ: Իսկ դա նշանակում էր, որ նա նահանջում է: Երգով է այդ նահանջը, թե առանց երգի՝ թող որոշեն Փաշինյանին այս կռիվների մեջ խառնող աննորմալները:

Իրողություն չորրորդ՝ դասադուլը շարունակվում է: Տարօրինակ չէ՞: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն այսպիսի փառահեղ հաղթանակ են կերտել, իսկ ուսանողները դասադուլ են անում: Հակառակի պես էլ՝ քաղաքական ուժ չկա մեջները: Իսկ գուցե հիմա էլ սատանանե՞րն են նրանց հանել լսարաններից: Չգիտեմ… Բայց իմ կարծիքով՝ Փաշինյանի եւ նրան սպասարկող մամուլը լուրջ սխալ է թույլ տվել՝ ճակատամարտը շփոթելով պատերազմի հետ: Տղաներ, դրանք տարբեր բաներ են, եւ մի շտապեք հայտարարել, թե Արայիկի փոխարեն ՀՅԴ երիտասարդները գնացին տուն: Ամեն ինչ դեռ առջեւում է, եւ, առհասարակ, այդ իմաստով «տուն գնում է» նա, ում հեռացումը պահանջում են: Եթե չեմ սխալվում՝ նստացույցը դադարեցնելու եւ տուն գնալու պահանջ չի հնչել այն օրերին: Փոխարենը ԿԳՄՍ աշխատակից-աշխատակցուհիներն այնքան էին շփոթվել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից, որ արդեն մտածում էին՝ վերջ, նախարարին հիմա պետք է ստվարաթղթե արկղերի մեջ մաս-մաս դուրս բերեն նախարարությունից:
Իրողություն վերջին: Այսօրվանից մտածեք, թե ինչ եք գրելու, երբ ԿԳՄՍ ոլորտի բարեփոխումներն սկսվեն առանց Արայիկ Հարությունյանի: