Խալաթ, ձեռնոց, բախիլ, գլխարկ ու «պադյեզդ»

Խալաթ, ձեռնոց, բախիլ, գլխարկ ու «պադյեզդ»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 1606 հրամանով՝ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության աշխատակիցը, ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա  էլ կարող է կայացնել հոսպիտալացման անհրաժեշտության մասին որոշում։

Կից ներկայացված հավելվածում առողջապահական թիվ 1 պատասխանատուն գրել է․«Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է հետևյալ անհատական պաշտպանիչ միջոցներով՝ բժշկական դիմակ, ակնոց կամ պաշտպանիչ վահան, մեկանգամյա օգտագործման խալաթ, ձեռնոց, բախիլ, գլխարկ, որոնք չի թույլատրվում հանել պացիենտի տանը: Պացիենտի տունը լքելուց հետո անհատական պաշտպանիչ միջոցները անմիջապես հանվում են և փաթեթավորվում են աղտոտված բժշկական թափոնների համար նախատեսված տոպրակի (պլաստիկ տոպրակ զիպ փականով կամ որևէ այլ հերմետիկ փականով) մեջ՝ ապահովելով թափոնների անվտանգ գործածության պահանջները՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի: Նշյալ գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ»։ 

Բրավո, իսկ հիմա պատկերացրեք մի տեսարան, երբ բացում եք ձեր տան դուռը և շենքի մուտում՝ որևէ հարկում հանդիպում բժշկական արտահագուստը հագնող և հանող բուժանձնակազմի։ Իսկ նման տեսարանի կարող եք ականատես դառնալ, քանի որ ինչպես երեկ պարզել էինք պոլիկլինիկաներից, այդ հագուստը հիվանդի տուն այցելող թերապևտները հագնում են անմիջապես շենքի մուտքում։  Պոլիկլինիկաները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են, և դժվար չէր համավարակի այս պայմաններում ծանրության բեռը ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության վրա դնելուց առաջ պոլիկլինիկաները ապահովել գոնե մեկակական մեքենաներով՝ նման հիվանդների տներ այցելությունների համար։ Բայց մեր ամեն ինչ իմացող իշխանությունները, այդ թվում՝ նաև մայրաքաղաքի, բնականաբար, նման բաների մասին մտածելու ժամանակ չունեն։
Երեկ մենք զանգահարել էինք Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետին, որը ևս բացառություն չէր, և չցանկացավ մեզ հետ խոսել (ինչպես միշտ՝ առաջարկեց հարցերն ուղղել գրավոր), այսօր դիմեցինք Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ հարցնելու, թե ի՞նչ այլ կարիքների համար է քաղաքապետարանը ձեռք բերում մեքենաներ, և ինչու չէր կարող մտածել այս մասին։

Դավիթ Խաժակյանն ի պատասխան՝ ասաց, որ խոսքը միայն ձեռք բերելու մասին չէ․ կարելի էր  ընդամենը վարձակալության մասին պայմանագիր կնքել։