Վարդենիսցի երիտասարդի սպանությունը կապում են օրենքով գող Արա Մանուկյանի մահվան հետ

Վարդենիսցի երիտասարդի սպանությունը կապում են օրենքով գող Արա Մանուկյանի մահվան հետ

Օրեր առաջ Վարդենիսում դաժան սպանություն է տեղի ունեցել: Հունիսի 27-ի ուշ երեկոյան ինքնաձիգից արձակված կրակահերթից Չարենցի փողոցի մուտքերից մեկում սպանվել է 25 տարեկան Թորգոմ Հարությունյանը: Նա մեկ տարի առաջ էր դուրս եկել կալանավայրից, նշանվել էր: Իսկ դատապարտվել էր այն պատճառով, որ 2013 թվականի գարնանը, ապրելով Երեւանում, խմբի կազմում հարձակումներ էր կատարել բենզալցակայանների, այլ օբյեկտների վրա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություններ էր կատարել՝ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ: 

«Ճաշակով» տղա էր, «Փինք Ֆլոյդի» սիրահար, «Սկորպիոնս» էր լսում: Իր ֆեյսբուքյան էջում մահից մի քանի օր առաջ տեղադրել էր Լուի Արմսթրոնգի «Ինչ հրաշալի է աշխարհը» երգը, իր նկարները՝ գամփռ շան, ընկերների հետ: Քննչական կոմիտեն հայտնեց, որ «դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ եւ փամփուշտի կրակված գնդակներ»։ Ըստ ոստիկանության մեր աղբյուրի, սա ոչ թե դաժանության ցուցիչ է, այլ այն բանի, որ կրակողն ավտոմատին չի տիրապետել, չի կարողացել սպանել, «դրել, մաղել է»: Բազմակի վերքեր ստացած տղան մահացել է հաջորդ օրը, Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալում: Կրակողին չեն հայտնաբերել: Քաղաքում տոտալ հարցաքննություններ են, վկաների փնտրտուք: 
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով․ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Իսկ Վարդենիսում համոզված են, որ կատարվածն արյան վրեժ է:

Ըստ քաղաքում շրջանառվող վարկածի, սպանվածը հավակնում էր քրեական հեղինակություն համարվել, իսկ հանցագործ աշխարհին հետաքրքրել է նրա կապը 2019 թվականի նոյեմբերին Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետ, որի արդյունքում մահացել է 36 տարեկան «գողական» Արա Մանուկյանը: Այդ օրը նա իր «Mitsubishi Montero» ավտոմեքենայով է եղել եւ բախվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի, որի ղեկին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, եղել է Արմեն անունով երիտասարդ: Ըստ որոշ տեղեկությունների, կատարվածն ավտովթար չի եղել, այլ դիտավորյալ սպանություն: