Կալանքի սահմանափակումները կհանեն իմ վրայից․ Ալբերտ Բազեյան
«Դեռ չեն փոխել խափանման միջոցը, բայց ըստ իմ փաստաբանի՝ այսօր կամ վաղը կալանքից պիտի դուրս գամ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց պահեստազորի գնդապետ, քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը։
Երեկ մենք գրել էինք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ով մեղադրվում է Փաշինյանի դեմ մահափորձի մեջ, 6 ամիս կալանավորված էր, իսկ ապրիլից 5 ամիս տնային կալանք է կրում: Այսօր քննվելու է ևս 2 ամսով երկարացնելու հարցը: Սակայն գործը կառուցված է 1 անձի` ոմն Արմեն Հարությունյանի ցուցմունքի վրա, ով առերեսման ժամանակ ասել է, որ նրան ճանաչել է որպես քաղաքական գործիչ` հեռակա կարգով, չի շփվել հետը: Սակայն քննիչը հետագայում գրել է, որ առերեսման ժամանակ վկան պնդել է նախաքննական ցուցմունքը:
Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս, նա հայտարարել է, որ եթե կրկին երկարացնեն կալանքը` իրեն զրկելով տեղաշարժից և սահմանադրական իրավունքներն իրացնելուց, չի ենթարկվելու այդ որոշմանը։
Փաստորեն նա շուտով կլինի ազատության մեջ։ «Փաստաբանս ասաց, որ գալու են տնային կալանքի սահմանափակումները հանեն։ Դեռ չեն եկել, սպասում եմ»,-նշեց նա։
Խոսքը էլեկտրոնային վերահսկողության ոտքի բրասլետի մասին է, որը տեղադրվում է խափանման միջոցը տնային կալանք ընտրված անձի նկատմամբ:
Կարծիքներ