Այդ հատվածում ինչպե՞ս է գծվելու սահմանը
Հարգելի խմբագրություն
Երեկ,19.07.24թ Ձեր կայքում «ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵՐԹԸ ՀԵՐՔԵԼՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է «ՀՐԱՊԱՐԱԿ»-Ի ԳՐԱԾԸ» վերտառությամբ նյութ էր հրապարակվել
ՀՀ Լոռու մարզի Սարչապետ գյուղի վարչական սահմանի այն հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ , որը փաստացի համարվում է հայ-վրացական պետական սահմանի մի հատված:
2003-08թթ. պատիվ եմ ունեցել ղեկավարելու վերոհիշյալ համայնքը և իմ պարտքն եմ համարում արձագանքել հոդվածին, տրամադրելով իմ ունեցած տեղեկատվությունը ևս:
Ուրեմն, 2006թ. Տաշիրի տարածաշրջանի համայնքների ղեկավարներով Մեծավան գյուղում հանդիպում ենք ունեցել այն ժամանակվա վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ, որի ընթացքում բնականաբար քննարկել ենք հայ-վրացական սահմանագծման հետ կապված հարցեր: Անձամբ ինձ համար առավել մտահոգիչ էին Սարչապետ համայնքի վարչական սահմանի հյուսիսային հատվածում գտնվող Վիրահայոց լեռնաշղթայի Լոքի լեռնազանգվածի հետ կապված սահմանագծման հարցերը և իմ հարցերին վարչապետը տվել է սպառիչ պատասխաններ, փարատելով մտահոգություններս:
Իմ հիմնական մտահոգությունը կապված էր գյուղի ազգաբնակչության հոգևոր կյանքում առանձնահատուկ դեր և նշանակություն ունեցող Լոք լեռան գագաթին գտնվող, գյուղի հիմնադրումից՝ 1830թ.-ից ի վեր գործող «Լոքի մատուռի» հետ, որն ուխտագնացության վայր է քրիստոնեական անխտիր բոլոր ուղղվածության հավատացյալների համար։ Մատուռը լայն համբավ ունի ոչ միայն Տաշիրի տարածաշրջանում, այլև ամբողջ մարզում և հանրապետության տարբեր վայրերում:
Այն կառուցվել էանհիշելի ժամանակներից լեռան գագաթին գոյություն ունեցած ամրոցի(բերդի) ավերակների վրա:Այդտեղ տարվա ընթացքում հնարավոր էհանդիպել անգամ սահմանակից Վրաստանի ուղղափառ հավատացյալների։ Տասնամյակներ ի վեր Տաշիրի տարածաշրջանի հավատացյալ ժողովուրդը մատուռի տարածքում է անցկացվում «Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը»՝ Զատկի տոնից 40 օր հետո,որը հոգևոր տոնից զատ իր մեջ կրում է նաև ժողովրդական տոնախմբության բնույթ: Լոքի գագաթին կա ևս մեկ ուխտատեղի՝ «Ճգնավորի խուցը», որտեղ 19-րդ դարի սկզբներին կարճ ժամկետով բնակվել (ճգնել) է հայ հայտնի աշուղ, բանաստեղծ Ղունկիանոս Կարնեցին (1781-1841)։ Սա նրա համար, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմվի, թե խոսքն ինչի մասին է գնում:
Իմ ճշգրտող հարցին, թե այդ հատվածում ինչպե՞ս է գծվելու սահմանը, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Վրացական կողմի հետ կա ձեռք բերված հստակ պայմանավորվածություն, որ այդ հատվածում սահմանը գծվելու է լեռնազանգվածից 800-1000 մետր հեռավորության վրա, որպեսզի լեռնագագագաթն ու մատուռը ամբողջությամբ գտնվեն հայկական տիրույթում և որևէ խոչընդոտ չառաջանա ուղտագնացների համար»:
Ես ևս տեսել եմ թե ինչ է ցույց տալիս GOOGLE-ը հայ - վրացական սահմանի այդ հատվածում, որը կարող եմ բնորոշել մեկ բառով՝ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ, որովհետև անհնար է պատկերացնել նման սահման, որը կկիսի Լոք լեռնագագաթը: Հայ-վրացական սահմանն այդ հատվածում պե՛տք է անցնի Լոք լեռնագագաթից 800-1000 մետր հեռավորության վրա և դա այլընտրանք չունի՛, ինչպիսի անհեթեթություն էլ GOOGLE-ը ցուցադրի: Որովհետև ,այլընտրանքը լրջագույն ազգամիջյան բախումների օջախի ձևավորումն է և այդ մասին պետք է հսակ գիտակցեն Հայաստանի և Վրաստանի այն իշխանավորները, որոնք կփորձեն կարգավորել երկու պետությունների միջև առկա սահմանային խնդիրները: Գիտակցեն այնպես, ինչպես ժամանակին դա գիտակցել էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու իր վրացի կոլեգան՝ Զուրաբ Նողաիդելին:
Անտեղյակներին տեղեկացնեմ նաև, որ սահմանի վրացական այդ հատվածում գտնվող Քվեմո Քարթլի երկրամասի Բոլնիսի մունիցիպալիտետի բնակավայրերը հիմնականում բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով, ինչը «պարարտ հող է» վերոնշյալ օջախի ձևավորման համար:
Հարգանքով՝ Արգամ Պողոսյան
2003-08թթ. ՀՀ Լոռու մարզի Սարչապետ համայնքի ղեկավար
Կարծիքներ