«Ամենայուրատեսակ դիմագիծն ունեցող թիվին է»․ «5-րդ ալիքը» դարձավ հինգ տարեկան

Հինգ տարի առաջ՝ 2018թ այս օրը, երբ հասարակության գերակշիռ մասին խժռում էր հեղափոխական էյֆորիան,
«5-րդ ալիքը» հայտնվեց եթերում: Անխոս, դա ազատ խոսքի և օբյեկտիվ լրատվության համար ամենածանր շրջանն էր, երբ Նիկոլ Փաշինյանին ուղղված ցանկացած քննադատական խոսք սվիններով էր ընդունվում, սակայն «5-րդ ալիքը» կարճ ժամանակահատվածում դարձավ հայկական հեռուստաեթերի անբաժան ու առանձնակի կարևորություն ունեցող մի մասը:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն անդրադառնալով թիվի 5-ի ծննդյան հոբելյանին ասաց. «Մեր օրերում, երբ իշխանությունը հետևողականորեն ազատ խոսքն արմատախիլ անելով է զբաղված և իր դիկտատի տակ չգտնվող հեռուստաընկերություններին կամաց դուրս է մղում եթերից, Թիվի 5-ի դերն ու նշանակությունն ավելի է կարևորվում: Ինչպես ասում են` պետք է «մարտում» ընկած ընկերոջ փոխարեն էլ կռիվ տա: Եվ ի պատիվ թիվի 5-ի, այդ առաքելությունը նա պատվով է կատարում` հուսախաբ չանելով իր հեռուստադիտողին և ամեն օր ավելի մեծացնելով իր լսարանը: Ես մեր գործընկերներին բարի երթ, հետաքրքիր հաղորդումներ, անկաշկանդ գործելու երկար տարիներ եմ մաղթում: Ուզում եմ, որ իրենք գիտակցեն իրենց արած գործի կարևորությունն ու երբեք չընկճվեն փոքրիկ մարդուկների մանր խայթոցներից»:
Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Շավարշ Գևորգյանն էլ նշեց. «Հեռուստացույց դիտելիս միշտ էլ կարող ես փոխել ալիքը, բայց կարևորն այն է, որ լինեն այնպիսիք, որոնց ուժը գա փոխելու իրականությունը: Շնորհավոր ծնունդդ, 5-րդ»:
Հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանն էլ նշեց. «5-րդ ալիքը մեր հեռուստատեսության այսօրվա դաշտի թերևս ամենայուրատեսակ և մասնագիտական դեմք ունեցող ալիքներից մեկն է։ Լուրերի առումով, սեփական դիմագծով։ Շնորհավորում եմ այս հեռուստաընկերության տարեդարձը և գործընկերներին մաղթում շարունակել հավատարիմ մնալ ինչպես լրագրության սկզբունքներին, այնպես էլ ազգային ու հայրենական արժեքներին»:
Կարծիքներ