Թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա պատարագ մատուցվեց

Թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա պատարագ մատուցվեց

Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ Պատարագ է մատուցվել։ Այսօր այն հնչեց կրկին, առիթը՝ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է:

Խորանաշատում՝ թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Պատարագ մատուցեց, որին ունկնդիր եղան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այլ պաշտոնյաներ և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից: Պատարագին հաջորդեց Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը:

Այն կատարվեց Սուրբ Խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով, Չինարիի համայնքապետարանին հարակից տարածքում:

Ի դեպ, «Խորանաշատի Ավետարանը» (1224թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:

Օրն ամփոփվեց հոգևոր երաժշտությամբ: Երեկոյան, Չինարի գյուղի մշակույթի տանը ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու Երևանի Պետական Կամերային երգչախմբի հոգեթով կատարումները: