«Հրապարակ». Մենք ունենք ԱԳՆ, բայց ո՛չ դիվանագիտություն

«Հրապարակ». Մենք ունենք ԱԳՆ, բայց ո՛չ դիվանագիտություն

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումն Ալիեւի կողմից չեղարկելու փաստը քաղաքական շրջանակներում կանխատեսումների հիմք է տվել, որ բանակցությունները դարձյալ մտնում են փակուղի, եւ Հայաստանի գլխին է կախվում նոր պատերազմի սպառնալիքը։ Ալիեւը, անցած շաբաթ ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, հայտարարել էր․ «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիեւը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»:

Պաշտոնական Երեւանը շտապեց հերքել Ալիեւի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպումը եւ խաղաղության գործընթացը՝ առաջ քաշելով Ֆրանսիայի նախագահի մասնակցության նախապայմանը։ Դա ներկայացվեց այն ձեւակերպմամբ, թե Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության եւ ձեւաչափի համաձայն, այն է՝ քառակողմ ձեւաչափով՝ Միշել-Մակրոն-Ալիեւ-Փաշինյան։  
Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կորցրել է անկողմնակալ միջնորդի կարգավիճակը, եւ հենց այս պատճառաբանությամբ է, որ մերժել է բրյուսելյան հանդիպումը՝ Մակրոնի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւով կոչ է արվում կառավարությանը՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Բաքվին՝ դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը՝ եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի եւ նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում։ Իհարկե, այդ բանաձեւն անցած շաբաթներին առարկայական կիրառում չի ստացել եւ ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, սակայն հայկական դիվանագիտությունն ու իշխանության ներկայացուցիչները դա ընդունեցին ցնծությամբ, եւ այն ներկայացվեց իբրեւ դիվանագիտական մեծ ջանքերի արդյունք, հաղթանակ։

Քաղաքագետների մի խումբ Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկումից հետո քննադատություններ հնչեցրեց այս առիթով, մասնավորապես Սուրեն Սուրենյանցը նկատել է, որ դիվանագիտությունն «էմոցիաներ» չի սիրում, եւ մեր նպատակը ոչ թե պիտի «բարոյական հաղթանակները» լինեն, այլ «հասնել նրան, որ խաղաղության գործընթացն ունենա ազդեցիկ երաշխավորներ, ու դրա միջոցով հասնենք Հայաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության, Արցախի անվտանգության համար կայուն միջազգային երաշխիքների ստեղծմանը»։ Հակառակ պարագայում՝ բանակցությունները բոլոր հարթակներում կտապալվեն՝ ճանապարհ բացելով նոր էսկալացիայի առջեւ։

Իսկ քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ ՀՀ-ում «իշխանություն» եւ «դիվանագիտություն» բառերն իրարից բավականին հեռու են, զրո դիվանագիտություն է բանեցվում՝ անունը կա, ամանում չկա։ «Արտաքին գործերի նախարարություն՝ այո, մենք ունենք նման կառույց, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է»,-ասում է Զոլյանը։ Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմի համար ինչու է այդքան կարեւոր Ֆրանսիայի ներկայությունը բանակցային ձեւաչափում, քաղաքագետն ասաց՝ Մակրոնի մասնակցությունը կարող էր խանգարել Ալիեւի ամբողջատիրական նկրտումներին, «որովհետեւ, բոլոր դեպքերում, Մակրոնը կարող է հանդես գալ «հավասարակշռված» որոշման կողմնակից, քանի որ Ֆրանսիայում կա հանրային կարծիք»։

«Իհարկե, դատելով Մակրոնի քայլերից՝ նա առանձնապես չի հետեւում այդ կարծիքին, սակայն Սենատի թեկուզ ոչ իրավական որոշումն ինքնին հանրային կարծիքի արտացոլում է, եւ Մակրոնն ինչ-որ ձեւով դրան պետք է հետեւեր։ Ուստի հենց Ալիեւի պահվածքը հասկանալի է՝ ինքն ուզում է հասնել առավելագույնի, իսկ Մակրոնի ներկայությունը դա հնարավոր է խանգարեր, այս պատճառով Ալիեւը, որը թելադրողն է այս հարաբերություններում, հանդես եկավ նման  դիրքորոշմամբ»,- ասում է Զոլյանը։

Տեսակետ կա նաեւ, որ Մոսկվային հաջողվել է բանակցային գործընթացը վերադարձնել իր վերահսկողության ներքո, ինչի վկայությունն են Ալիեւի ու Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները: Եվ եթե բանակցությունների արեւմտյան հարթակի աշխատանքները տապալվում են, մնում է եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափը։ Քաղաքագետ Զոլյանը չի բացառում որեւէ վարկած, բայցեւ որոշակի նկատառումներ ունի․ «Ալիեւն այսօր այնպիսի դիրքերում է, որ Ռուսաստանը չի կարող վերջինիս իր կամքը թելադրել, եթե Ալիեւը որեւէ քայլ է անում, ապա դա իր որոշումն է, կամ՝ Էրդողանի հետ համաձայնեցված, ՌԴ-ի կարծիքը կարող է հաշվի առնել, կարող է հաշվի  չառնել։ Եթե անգամ համաձայնեցված է Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ Ալիեւն ունի դիվանագիտություն եւ կարողանում է իր շահերը համաձայնեցնել խոշոր խաղացողների շահերի հետ՝ հաշվի առնելով Մակրոն-Պուտին լարված հարաբերությունները»։