«Սասնա ծռերի» դատավճիռը Վերաքննիչ բողոքարկվել է ուշացումով

«Սասնա ծռերի» դատավճիռը Վերաքննիչ բողոքարկվել է ուշացումով

2016 թվականի ամռանը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի վերաբերյալ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, սակայն ուշացումով։ «Հրապարակ»-ի հետ զրույցում խմբի անդամ, ոստիկաններից մեկի սպանության մեջ մեղադրվող, առաջին ատյանի դատարանի վճռով 25 տարվա ազատազրկման դատապարտված Սմբատ Բարսեղյանի պաշպան Մուշեղ Շուշանյանը ասաց, որ թեպետ որոշակի հանգամանքներից ելնելով իրենք սահմանված ժամկետից ուշ են բողոքը ներկայացրել, սակայն միջնորդել են դատարանին ուշացումը համարել հարգելի, ինչը բավարարվել է։

Ոչ միայն Սմբատ Բասեղյանի, այլ նաեւ մյուսների մասով Վերաքննիչ բողոքները ընդունվել են վարույթ, Վերաքննիչում նիստը նախագահողը Ալեքսանդր Ազարյանն է։

Մեր զրուցակցի խոսքով՝ բոլոր մեղադրանքներով պետք է արդարացման որոշումներ կայացվեն․ «Սմբատ Բարսեղյանը պետք է ազատ արձակվի։ Բայց առաջին ատյանի դատարանը անհիմն որոշում է կայացրել, արդարադատություն չի իրականացվել, սա գաղութային ռեժիմի դատարան է եւ բնական է՝ այդ դատարանը պետք է հաստատեր մեղադրանքը։ Ես էլի վստահաբար կրկնում եմ՝ երկու ոստիկանի մահվան հետ իրենք կապ չունեն»։

Շուշանյանը նաեւ ավելացրեց, որ վստահ են՝ ինչ առաջին ատյանն է արել, նույնն էլ Վերաքննիչն է անելու․ «Դա է մեր երկրի դատական համակարգի վիճակը»։

Հիշեցնենք, որ ըստ դատավճռի՝ «Սասնա ծռերի» ամենահայտնի անդամներից մեկը՝ Պավլիկ Մանուկյանը, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ «նշանակված պատժում հաշվակցել Պավել Մանուկյանի նախաքննության եւ դատական քննության ընթացքում 2 տարի 3 ամիս 8 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 8 ամիս 22 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման»։

Խմբի մյուս դեմքը՝ Վարուժան Ավետիսյանը, մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նախաքննության եւ դատական քննության ընթացքում 2 տարի 1 ամիս 15 օր տեւած կալանքի ժամկետը հանվեց, եւ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 7 տարի 4 ամիս 15 օր ժամկետով։