Ատոմակայանը փակելու ծրագրի հուսալի իրագործողներ են պետք

Ատոմակայանը փակելու ծրագրի հուսալի իրագործողներ են պետք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Հայկական ատոմակայանի աշխատակազմն է ներկայացրել նոր գործադիր տնօրենին՝ ԱԱԾ նախկին պետ, էներգետիկայի հետ որևէ կապ չունեցող Էդուարդ Մարտիրոսյանին, որի նշանակումը հիմնավորել է ՀԱԷԿ-ի բացառիկ դերով մեր երկրի տնտեսության մեջ. «Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,- ասել է նախարարը: 
Ի՞նչն է պատճառը, որ ՀԱԷԿ նախկին տնօրեն Մովսես Վարդանյանին, ազատեցին աշխատանքից: Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը պատասխանում է. «Չենք ազատել, պարզապես կառուցվածքային փոփոխություն է եղել: Ունենք գործադիր տնօրենի հաստիք և առաջին տեղակալի, դրանք են սահմանվել»: Մովսես Վարդանյանն առաջին տեղակա՞լ է լինելու: «Ոչ, այս պահին չկա նշանակում»: 
Այնուամենայնիվ, չի հասկացվում, թե ինչո՞վ հին տնօրեն Մովսես Վարդանյանը, որի մասին աշխատողները միայն դրական են արտահայտվում, նշելով, որ «համեստ, հանգիստ» տղա էր, չէր բավարարում լավագույնս ծառայելու չափանիշներին, և եթե փորձն է կարևոր, ապա ինչո՞ւ անվտանգության ոլորտում մեծ փորձառություն ունեցող Էդուարդ Մարտիրոսյանին ազատեցին ԱԱԾ պետի պաշտոնից, փոխարենը երիտասարդ, անփորձ դատախազի նշանակելով այնտեղ: 

Առաջիկա երկու-երեք տարիները ՀԱԷԿ-ի համար վճռորոշ ու լարված են լինելու: Որոշվելու է Հայկական ատոմակայանի լինել-չլինելու հարցը: Զարմանալի չէ, որ նոր կառավարությունն այստեղ էլ ունի գործողությունների իր պլանը, որն իրագործում է ամենայն ջանասիրությամբ: Դրա առաջին կետը հայկական ԱԷԿ-ի վերանորոգման նպատակով հատկացված ռուսական փողերից հրաժարվելն էր, ինչի մասին կառավարությունը հայտարարեց երկու ամիս առաջ՝ հունիսի կեսերին: Կառավարությունը հայտարարեց, որ սեփական միջոցներից 63 մլրդ դրամ է տալու արդիականացմանը՝ մոտ 123 միլիոն դոլար: Գումարները բաշխվելու են 3 տարվա ընթացքում: Վերջին չափաբաժինը տրվելու է 2022 թվականին: 

Ի դեպ, երեկվա հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նաև այս «պլանի» մասին է խոսել, հայտարարելով, որ առաջին անգամ են գնումների գործընթացն ու ատոմակայանի վերանորոգումը կազմակերպվում պետական միջոցներով և ներքին ընթացակարգերով: 
Պլանի հաջորդ կետը կառուցվածքային փոփոխությունն է: Նախարարը նշում է, որ այն աշխատանքների կազմակերպմանը նոր որակ է հաղորդելու: 

Պետբյուջեի հաշվին ատոմակայանը մինչև 2022 թվականը վերանորոգելու ծրագրի ռիսկն այն է, որ հայկական ատոմակայանի լիցենզիան ավարտվում է 2021 թվին, և կարող է այնպես ստացվել, որ մինչ այդ՝ չավարտելով կայանի արդիականացման աշխատանքները, մենք ուղղակի չենք ստանա լիցենզիան: Ահա ինչու մասնագետների շրջանում հիմնավոր կասկածներ կան, որ կառավարությունը, հրաժարվելով ռուսական վարկից, ուզում է աննկատ ու աստիճանաբար ատոմակայանը փակման տանել, կատարելով Եվրամիության պահանջը: Հասկանալի է, որ կառավարության պլանը հուսալի իրագործողներ են պետք, նվիրյալ, «փակ», անթափանց գործելաոճով առանձնացող գործիչներ, որոնք կապահովեն «պլանի» անվտանգությունը: