Մի կողմից իրանական հարբած փղերը, մյուս կողմից՝ ռուսական արջն ու ուկրաինական սպիտակ ֆոսֆորը․ Ո՞ւր է հասցրել Փաշինյանը Հայաստանը

Մի կողմից իրանական հարբած փղերը, մյուս կողմից՝ ռուսական արջն ու ուկրաինական սպիտակ ֆոսֆորը․ Ո՞ւր է հասցրել Փաշինյանը Հայաստանը

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը հայտարարում են՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Այդ հայտարարություններին զուգահեռ Փաշինյանը ևս մեկ հայտարարություն է անում՝ Հայաստանը «սառեցրել է» իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ի դեպ՝ ՀԱՊԿ-ի ռազմական ներկայացուցիչները ևս ահազանգել էին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հերթական լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին։

Մոտալուտ պատերազմի լուրերի ֆոնին Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման մասով կարծես թե Հայաստանն ու հայոց բանակի մնացած մասը ադրբեջանա-թուրքական տանդեմին հլու-հանզանդ «խաղաղասիրության» քողով «զոհաբերելու ծես» լինի։ 

Այս բոլոր հայտարարությունների ֆոնին Հայաստան է այցելում Ֆրանսիայի Պաշտպանության նախարարն ու հայտարարում, որ շուտով Հայաստան կհասնեն «Բաստիոն» տեսակի զրահամենքենաներ և ՀՕՊ համակարգեր։ Այնինչ, թվում էր, թե Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը պիտի հայտարարեր արդեն Հայաստան հասած ֆրանսիական լուրջ ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին՝ դե «Բաստիոնների» մասին լուրը արդեն երկու ամիս, եթե ոչ ավել, հասցրել ենք քննարկել։ «Բաստիոններն» էլ, եթե չգիտեք, ասեմ, որ զրահամեքենաներ են ու դրանք նախատեսված են պատերազմի ժամանակ փոքր մարտական խմբերը այս տարածքից այն տարածք տեղափոխելու համար։ Իսկ թե ինչպիսին կլինեն ՀՕՊ համակարգերը, երբ դրանք կմատակարարվեն, երբ դրանք կներդրվեն բանակում, երբ ՀՀ զինվորականները կսովորեն դրանցից օգտվել, հարցական է։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ նույն Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք հսկայական մատակարարումներ իրականացրել են Ուկրաինա, ինչի հետևանքով Ֆրանսիան խնդիրների առաջ է կանգնել ու չի կարող պահուստային զենքը, եթե կոպիտ արտահայտվենք՝ բաժանել աջ և ձախ։

Բացի այդ, հարց է առաջանում, Ֆրանսիան այդ զրահամեքենաներն ու դեռևս միայն խոսքով ՀՕՊ համակարգերը ինչի՞ դիմաց է տրամադրում Հայաստանին ու Փաշինյանն ինչո՞վ է վարձահատույց լինելու։ Փորձագետներն ահազանգում են, որ ռուսական կողմին անգործության մեջ մեղադրելուն զուգահեռ Հայաստանում սկսելու են նաև ռուսական զորակազմի դեմ կոնկրետ գործողություններ ձեռնարկել, միգուցե սադրանքներ ռուս զինծառայողների նկատմամբ, որպեսզի ռուսական զորակազմի դուրսբերման հարցն օրակարգ դրվի։ Առանձնապես խելացի պետք չէ լինել հասկանալու համար, թե առանց այն էլ «վառոդի տակառի» վրա տեղափոխված մեր հայրենիքում ինչ է կատարվելու։ Պատահական չէր Իբրահիմ Ռաիսին նախատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու զգուշացրել՝ օտարեկրյա դիտորդները տեղ չունեն մեր տարածաշրջանում և նրանք կարող են խնդիր դառնալ թե տարածաշրջանի, թե տարածաշրջանի երկրների համար։ Ի՞նչ եք կարծում, Եվրոպային կամ հավաքական Արևմուտքին իսկապես հուզու՞մ է Հայաստանն ու Հայաստանի ճակատագի՞րը, թե նրանք պարարտ հող են նախապատրաստում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուց հետո Իրանի դեմ ուղիղ պատերազմական գործողություններ սկսել, իսկ հետո նաև՝ մոտակա տասնամյակում կամ միգուցե ավելի շուտ ՝ պատերազմ սկսել Չինաստանի դեմ։ Եվ ի՞նչ եք կարծում, Իրանի քաղաքական վերնախավը քանի՞ րոպե կմտածի՝ Հայաստանը զոհաբերել, թե ոչ՝ հանուն Իրանի Իսլամական Հանրապետության, կարծում եմ՝ ոչ մի րոպե։ Փաստացի, փաշինյանական ռեժիմը, սեփական իշխանությունը պահելու համար Հայաստանն ու հայ ժողովրդին դրել է այնպիսի մի իրավիճակի մեջ, որ մի կողմից իրանական հարբած փղերն են, մյուս կողմից գազազած ռուսական արջը, այն մյուս կողմից ադրբեջանա-թուրքական արնախում բորենիների ոհմակը, դե իսկ վերևից էլ մեր գլխին պատրաստ են սպիտակ ֆոսֆոր թափել հավաքական Արևմուտքն ու Հայաստան այցելել պատրաստվող Զելենսկին, որի մոտալուտ մահվան մասին խոսում են ԱՄՆ նախկին որոշ պաշտոնյաներ։ 

Տրագիկոմեդիան այն է, որ Արևմուտքի համար փաստացի արդեն «մահացած» Զելենսկին գալու է, որպեսզի օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներկայացուցիչը Հայաստանում՝ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան ու հավելել՝ մեծ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում։ Գարնան սկզբին մի քանի օր է մնացել, ձնհալի հետ էլ երևի կտեսնենք նաև այդ մեծ ու մեզ համար ոչ մի լավ բան չգուշակող փոփոխությունները։

Հ․Գ․ Իսկ ադրբեջանական կողմից սուտ հաղորդագրություններն այն մասին, որ հայկական կողմը առաջինը կրակ է բացել, իսկ հայկական կողմից էլ խոստումները՝ գտնել գոյություն չունեցող առաջինը կրակողին ու պատժել, ոչի՞նչ չի հուշում։