Վյաչեսլավ Հարությունովը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվեց

Վյաչեսլավ Հարությունովը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  վարույթում գտնվող  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված, սակայն հետո իր խոսքերից հրաժարված Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը կրկին հետաձգվեց ։ Քիչ առաջ դատարանի աշխատակիցը լրագրողներին հայտնեց , որ Հարությունովի փաստաբանն է միջնորդություն ներկայացրել, որպեսզի նիստը հետաձգվի, քանի որ Հարությունովը վարակվել է կորոնավիրուսով։ Նշենք, որ Հարությունովը անձամբ էր հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ , իր խոսքով, պատրաստվում էր մի շարք հարցերի պատասխաններ ներկայացնել։

Ըստ «Դատալեքս» համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ «Վյաչեսլավ Նիկոլայի Հարությունովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող թիվ 10107418 քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք»: 

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Էդուարդ Բաբայանը 2018-ի հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Էդուարդ Բաբայանը սկզբում կալանավորվեց, հետո՝ 2018-ի օգոստոսի 21-ին, 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը դատարանում հայտարարել էր, որ իրեն տուժող չի ճանաչում: 

2019-ի ապրիլի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակեց պատիժը կրելուց։