Ռուսաստանցի օլիգարխներ, որոնք կորցրել են իրենց ունեցվածքը 2022-ին
Ռուս-ուկրաինական պատերազմի և հակառուսական պատժամիջոցների ֆոնին ամենահարուստ ռուսաստանցիներից ոմանք չեն կարողացել շարունակել իրենց բիզնեսը։ Օլեգ Տինկովը, Ռոման Աբրամովիչը և շատ ուրիշներ ստիպված էին զոհաբերել իրենց ամենաթանկ բաժնեմասերը։
Արկադի Վոլոժ
«Յանդեքս»-ի հիմնադիրներից մեկը՝ Արկադի Վոլոժն արտերկիր մեկնեց, քանի որ այնտեղ է տեսնում իր երեխաների ապագան․ դրա համար նա ստիպված էր վաճառել «Յանդեքս»-ի բոլոր ռուսական ակտիվները։ Արդյունքում գործարարը կորցրեց 2 մլրդ ԱՄՆ դոլար, ինչպես նաև զրկվեց դոլարային միլիարդատիրոջ կարգավիճակից, իսկ «Յանդեքս»-ի բաժնետոմսերը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում սկսված հատուկ գործողության ֆոնին նվազեցին շուրջ 60 տոկոսով
Օլեգ Տինկով
Գործարարը մնացել է առանց իր հիմնական ունեցվածքի՝ «Տինկոֆ» բանկի։ Նրա հիմնադրած այս դրամատունը, ըստ նույն ռուսների, առանձնանում է ծառայությունների բարձր մակարդակով, իսկ ֆինանսական շուկան վերածել է ամենամրցակցային միջավայրի։ Տինկովը հրաժարվեց հավատարիմ մնալ Ռուսաստանի իշխանություններին, կորցրեց դոլարային միլիարդատիրոջ կարգավիճակը և ստիպված եղավ իր բանկը «գրոշներով» վաճառել Պոտանինին։
Միխայիլ Ֆրիդման և Պյոտր Ավեն
Ռուսաստանցի այս օլիգարխները նույնպես իրենց ընտանիքների ու զավակների հետ հեռացան ՌԴ-ից․ նրանք լքեցին Alfa-Bank-ի տնօրենների խորհուրդը։ Ավենի վնասները գնահատվում են $1,12 մլրդ, Ֆրիդմանինը՝ $2,65 մլրդ, բացի այդ երկու ձեռնարկատերերի ակտիվները դեռ արգելափակված են պատժամիջոցների պատճառով։ Գործարարները մտավախություն ունեն, որ իրենց գումարներն ի վերջո կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը։
Ռոման Աբրամովիչ
2022 թվականին նրա կարողությունը կրճատվեց 10,2 միլիարդ դոլարով, Աբրամովիչին մնաց մի խղճուկ 7,8 միլիարդ դոլար, ինչպես նաև միլիարդատերն այլևս «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը չէ։ Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ օլիգարխին ավելացրել են պատժամիջոցների ցուցակում, ինչը նրան ստիպել է վաճառել ակումբի իր մասնաբաժինը։
Ալեքսեյ Մորդաշով
Մետալուրգիական հսկա «Սեվերստալ»-ի գլխավոր բաժնետերը կորցրել է ամենահարուստ ռուսաստանցու կարգավիճակը։ Միլիարդատիրոջ կարողությունը կրճատվել 10,1 միլիարդ դոլարով: Մորդաշովը կորցրել է իր զբոսանավերից մեկը, իսկ երկրորդը ժամանակավորապես «տեսարժան վայրի» է վերածվել Վլադիվոստոկի տեղացիների և զբոսաշրջիկների համար:
Կարծիքներ