Կալանավորել են, «որովհետեւ հեղինակություն է վայելում»
Պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն այս նոր տարին, հավանաբար, կանցկացնի բանտում։ Նրան դեկտեմբերի 6-ին կալանավորեցին եւ մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու կեղծիք կատարելու մեջ։
Աշոտ Մարկոսյանի փաստաբան Խաչատուր Խաչատրյանը բողոքարկել է կալանքի որոշումը վերաքննիչ դատարանում եւ այժմ սպասում է բողոքի քննությանը։ «Պահանջում ենք, որ խափանման միջոցը վերացնեն, քանի որ բացարձակ անհիմն եւ ապօրինի դատական ակտ է կայացվել, չպատճառաբանված»,- ասում է փաստաբանը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են քննիչները հիմնավորել կալանքի որոշումը, ինչով է վտանգավոր Աշոտ Մարկոսյանը, ինչու նա չէր կարող քննչական գործողություններին մասնակցել ազատության մեջ գտնվելով։
«Որեւէ հիմնավորում չկա։ Միակ հիմնավորումն այն է, որ նկատի ունենալով, որ նա գիտնական է, հեղինակավոր մարդ է, մեծ հեղինակություն է վայելում, հետեւապես նրան պետք է կալանավորել։ Նման զավեշտալի հիմնավորում ես չեմ հանդիպել։ Այսինքն, մարդը պետք է հեղինակազրկված լինի, որ նրան չկալանավորեն՝ նրանց տրամաբանությամբ»։ Աշոտ Մարկոսյանին համարում են Ամասիայի ջրային համակարգն ու հարակից կառույցները, որոնք կառավարությունը գնահատել է մոտ 200 մլն դրամ, 22 մլն-ով «Անի» ԲԲԸ-ին օտարելու գործարքի հիմնական կատարողը։ Մինչդեռ ընկերության ղեկավարությունը պնդում է, որ պրոֆեսորը որեւէ շահ չի ունեցել այդ գործարքի մեջ, եւ որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը, իսկ «Անի» ԲԲԸ-ն միայն տուժել է, քանի որ պարտավորություն է ստանձնել ահռելի ներդրումներ կատարել, սակայն անհաջողության դեպքում չի կարող ո՛չ վաճառել, ո՛չ էլ վարձակալությամբ հանձնել ջրանցքը։ Նրանք ասում են, որ ջրանցքի արժեքը Ջրպետկոմի հաշվեկշռում զրոյից էլ ցածր է, կազմում է «-500», քանի որ այն դրվել է աճուրդի եւ չի վաճառվել։
Կարծիքներ