Հակակոռուպցիոն դատարանը իրագործելու է  «կոպեկ առ կոպեկ» վերադարձնելու ծրագիրը

Հակակոռուպցիոն դատարանը իրագործելու է  «կոպեկ առ կոպեկ» վերադարձնելու  ծրագիրը

Օգոստոսը արդարադատության նախարարությունը սկսեց հերթական  վիճելի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելով: Նախարարությունը առաջարկում է նոր մասնագիտական հակակոռուպցիոն դատարան ստեղծել առնվազն 25 դատավորներից, ինչի համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել դատական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում:

 Նախագծով նախատեսվում է, որ 25 դատավորներից 20-ը քննելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը զբաղվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: Սա այն ունեզրկողների բանակն է, որը ունենալու է ամենաշատ գործերը, քանի որ իշխանությունը գնալու է մինչև վերջ:

Վերաքննիչ գործառույթ իրականացնելու համար ևս առնվազն 10 դատավորներ է նախատեսված ունենալ, որոնցից ձևավորվելու է հակակոռուպցիոն վերաքննիչ ատյանը: Վճռաբեկ դատարանի կազմը ևս ընդլայնվելու է, այսօրվա՝ 17 դատավորների փոխարեն գործելու են. քրեական պալատը՝ 8 դատավորով, քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորներով:

Առաջին իսկ հայացքից աչք է զարնում, որ դատական համակարգը ներկայացված նախագծով ուռճացվելու է: Դատավորները մենակ չեն գալու, այլ ունենալու են իրենց օգնականներն ու քարտուղարուհիները: Դատարանի դատավորներն ավելի բարձր են վարձատրվելու, քան սովորական դատարանների դատավորները: Նախագծի հիմնավորումներում ներկայացված է, թե ինչ ծախս է ավելանալու բյուջեի վրա նոր դատարանի ստեղծմամբ: Աշխատավարձի, կոմունալ, գրասենյակային ծախսերի և այլնի համար 2021-2023 թվականներին ընդհանուր ծախսը կկազմի 3 մլրդ 339 մլն, 530 հազար դրամ: Եւս 2,8 մլրդ կծախսվի շենքային պայմանների համար: Իսկ դատարանների տեխնիկական հագեցվածությունը, նախարարության գնահատմամբ, արժենալու է 198 մլն դրամ: 21 մլն դրամ ծախսվելու է տրանսպորտի վրա: Այսինքն՝ հակակոռուպցիոն դատարան ունենալու համար երկու տարում բյուջեից հավելյալ կծախսենք մոտ 6,5 մլրդ դրամից ավելի: Սա մեկ կոմպակտ պետական մարմնի, կամ մեկ մարզի համար մեկ տարում ծախսվող գումար է: Համեմատության համար նշենք, օրինակ, որ 2019 թվականին մոտավորապես այդքան էր հատկացվել Սյունիքի մարզին: քիչ ավելի գումարով աշխատել է անցյալ տարի էկոնոմիկայի նախարարությունը:

Եթե հաշվի առնենք, որ ունենալու ենք նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ  իրականացնող 7 դատախազներ, որոնց անունները հայտնի է և որոնք դեռ դասընթացներ են անցնում Արդարադատության ակադեմիայում, ապա հասկանալի է, որ հակակոռուպցիոն արդարադատությունը թանկ է նստելու մեր հալածված ու մաշված բյուջեի վրա, այն էլ մի շրջանում, երբ Հայաստանի  համար ավելի ակտուալ են տնտեսության և ռազմական հզորության հարցերը:  Մինչդեռ իշխանությունը զբաղվում է «կոպեկ առ կոպեկ վերադարձնելու», մարդկանց ունեզրկելու ծրագրերով:

Հնարավոր է, որ այս կերպ այն հույս ունի, որ  հեղափոխական գորշ զանգվածները հավերժ գոհ կմնան, սակայն այդ գորշ զանգվածը նույնիսկ չի կարող վստահ լինել, որ բռնագանձված գումարները չեն ուղղվի հիմնականում պաշտոնյաների ու այս նույն դատավոր-դատախազների պարգևավճարներին: