Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան

Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան

Երբ հետեւում ես այս իշխանությունների քայլերին՝ սկսած 2018 թվականից, տպավորություն է ստեղծվում, թե թշնամին գրավել է մեր երկիրը եւ զբաղված է ամեն ինչ կազմալուծելու, ոչնչացնելու, պարալիզացնելու գործով։ 

Գրեթե բոլոր ոլորտներում բանիմաց ու փորձառու կադրերն ազատվեցին աշխատանքից եւ փոխարինվեցին քայլած, անփորձ, անգրագետ կադրերով։ Եթե ուսումնասիրենք այս 3 տարում պաշտոնի նշանակվածների ցանկը՝ նրանց կրթական ցենզը, կենսագրությունը, անցած ճանապարհը, ապա շատ զավեշտալի սուբյեկտներ կհայտնաբերենք այնտեղ․ է՛լ ԱՄՆ-ում ու Էջմիածնում տաքսու վարորդ աշխատածներ, է՛լ տասնավարտներ, որոնք իրենց կենսագրականի՝ սեռի սյունակում «արու» են գրում, է՛լ ուսանողական նստարանից միանգամից պատգամավորի մանդատ ստացածներ, է՛լ ռուսաստաններում 10 տարի աշխատած խոպանչիներ, որոնց հրավիրել են հեղափոխությունից հետո բարձր պաշտոն ստանձնելու, է՛լ հագուստի խանութի մենեջեր, որ հիմա սոցապփոխնախարար է աշխատում եւ իր ընկերուհիներին համակարգի հիմնարկներում տնօրեններ կարգում։ Ամբողջական ցանկի հրապարակումն ու վերլուծությունը կարող է ուսանելի ձեռնարկ լինել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե փողոցում հեղափոխություն անելով՝ կարելի է երկիրը զարգացնել։ 

Բայց կադրերն էլ չեն խնդիրը՝ խելացի կառավարման, ճիշտ հրահանգավորման դեպքում անգամ 10-ամյա կրթությամբ անգրագետ ու անփորձ մարդիկ կկարողանային կարճ ժամանակում յուրացնել աշխատանքի հմտությունները եւ քիչ թե շատ աշխատունակ դառնալ։ Բայց դրա համար հարկավոր է, որ պարագլուխը՝ երկրի ղեկին հայտնված մարդը, աշխատանքային մթնոլորտ ստեղծի, ոչ թե քանդի, այլ՝ կառուցի եւ ստիպի, որ ներքեւի օղակներում աշխատեն, այլ ոչ թե անաշխատ պարգեւավճարներ ստանան։ Մեր բախտն այդ հարցում ակնհայտորեն չբերեց։ Երկրի ղեկին հայտնված անձը, պարզվեց՝ շատ ավելի անփորձ ու ապակառուցողական է, քան կարելի էր սպասել խմբագրի եւ պատգամավորի փորձառություն ունեցող մեկից։

Պարզվեց՝ նա այս երկիրը չի սիրում եւ այն դիտում է որպես ռազմավար, որը ստացել է կայծակնային հեղաշրջման եւ հանրությանը փողոց հանելու շնորհքի դիմաց։ Պարզվեց, որ ատում է բոլոր աշխատող մարդկանց եւ գործող համակարգերը ու իր խնդիրն է համարում դրանք բոլորը կազմալուծելն ու կաթվածահար անելը։ Այդ մտայնությամբ էլ նախ ազատեց բոլոր պրոֆեսիոնալներին՝ իբրեւ թե կոռուպցիայի դեմ պայքարելու մտայնությամբ։

Սկսեց պայքարել անորոշ «նախկիններ» հասկացության դեմ՝ նախկիններից որոշ թալանչիների ու վարկաբեկվածների պահելով իր կողքին, իսկ մյուսներին՝ ազատելով։ Սկսեց քանդել համակարգերը՝ կառավարության կառուցվածքը փոխելով, նախարարություններ վերացնելով, միավորելով ու ինչ-որ կառույցներ մի ոլորտից մյուսը տեղափոխելով։ Սկսեց իրականացնել սորոսական շրջանակների տարիների ծրագիրը՝ կրթության համակարգի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական համակարգի բարեփոխումների մեջ անթաքույց ներգրավելով ամենաակնառու սորոսական գործիչներին ու հասարակական կազմակերպություններին։ Սկսեց փոխել կրթական համակարգը եւ նրա ղեկավար կազմը՝ ռեկտորներ, տնօրեններ։ Ձեռնամուխ եղավ գիտության համակարգը փոխելուն եւ Գիտությունների ազգային ակադեմիան վերացնելուն։ Փոխեցին հայտնի բուժհիմնարկների ղեկավարներին։ Մեծ եռանդով անցան համայնքապետեր փոխելուն, մանավանդ նրանց, ովքեր իրենց թրի տակով չանցան։ Եվ այդ գործն իրականացնելու համար անգամ քրեական լծակներ գործի դրվեցին՝ ամոթալի ու փլվող քրեական գործեր հարուցելով այն համայնքապետերի նկատմամբ, որոնք հոժարակամ չեն հեռանում կամ չեն ենթարկվում։ 

Մի հսկա շրջան Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք իրականացրեց Սահմանադրական դատարանի դեմ՝ այն կիսով չափ իրեն ենթարկեցնելով։ Հիմա ձեռնամուխ է եղել դատարաններին։ Թեեւ 3 տարում նման փորձեր էլի են եղել՝ ձախողված վեթինգի ծրագիրը, օրինակ, որը միջազգային կառույցների միջամտությամբ չիրականացվեց։ Դատարանները շրջափակելու, դատավորներին վիրավորելու, իսկ օրերս էլ ԲԴԽ նախագահին հրապարակավ նսեմացնելու ամոթալի ակցիաներից յուրաքանչյուրը բավարար կլիներ, որ հայ հասարակությունը հասկանար՝ վտանգավոր է, աղետաբեր է այս իշխանությունների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը։ Սրանք անգամ չեն հասկանում, որ իրենք պոզիտիվ պարտավորություն ունեն դատական համակարգը գոնե ֆիզիկապես համալրելու եւ ԲԴԽ նախագահին հեռացնելու, վարկաբեկելու համար բոյկոտում են իրենց տարրական պարտականությունները՝ վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու գործընթացը։ Եվ հպարտորեն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի շուրթերով հայտարարում են, որ դատավորների թեկնածուների հետ խնդիր չունեն, բայց չեն մասնակցելու նրանց ընտրությանը՝ Ռուբեն Վարդազարյանի ինադու։ 

Աշխարհը նման անգրագետ, անգործունակ, երկիրը միտումնավոր կաթվածահար անող իշխանություններ, հավանաբար, դեռ չէր տեսել։ 

Սրանք երկրի ու հասարակության հետ վարվում են ինչպես թշնամին, որը պատերազմում հաղթել եւ գրավել է հակառակորդի երկիրը ու գիտի, որ վաղ թե ուշ պետք է հեռանա, ուստի ամեն ինչ անում է այն հիմնահատակ ավերելու, քանդելու, վառելու, մոխրացնելու համար, որպեսզի իր հեռանալուց հետո տասնամյակներով չկարողանան այդ երկրի բնակիչները վերականգնել այն։

Մեր հասարակության մտածող հատվածը, որը գրեթե միշտ ընդդիմադիր է եւ որը հասկանում է, թե ինչ է կատարվում մեր երկրում, սարսափահար հետեւում է Փաշինյանի եւ նրա թիմի գործած ավերածությունների ընթացքին։ Ցավոք սրտի, այս հատվածը մեզանում հազիվ մի 20-30 տոկոս է կազմում, եւ նրանք, ամենայն ցանկության դեպքում անգամ, չեն կարողանա ինքնուրույնաբար իշխանափոխություն իրականացնել։ Այն 70 տոկոս տգետ ու ագրեսիվ զանգվածը միշտ խանգարելու է նրանց, եւ Նիկոլ Փաշինյանը միշտ օգտվելու է այդ զանգվածի աջակցությունից։

Ի դեպ, մեզանում միշտ է այդպես եղել՝ 2017-ին էլ մտածող զանգվածն աջակցում էր «Ելք» խմբակցությանը, որը հազիվ 7 տոկոս քվե ստացավ խորհրդարանական ընտրություններում։ Մտածող մարդիկ, որպես կանոն, ընդդիմադիր են լինում իշխանություններին։ Բայց նորմալ երկրներում մտածող զանգվածը, անգամ եթե փոքրամասնություն է, կարողանում է իրավիճակ թելադրել, մտածելու դժվարություններ ունեցող զանգվածին պարտադրել իր կամքը։ Ի վերջո, մտքի, խելքի, փորձի, գիտելիքի հանդեպ հարգանք կա, որը ստիպում է իշխանություններին եւ հասարակությանը՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել հայտնի գիտնականի, փորձառու պետական գործչի, այլ ոչ թե շուկայում կանաչի վաճառողի կարծիքով։