Նիկոլ Փաշինյանը սուլթան չէ, որ իր որդուն ծախի, առաջարկի, տա-ստանա․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Նիկոլ Փաշինյանը սուլթան չէ, որ իր որդուն ծախի, առաջարկի, տա-ստանա․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե ինչի՞ նշան է, որ երեկ Գյումրիում հաշված մարդիկ էին Փաշինյանի հանրահավաքին, մինչդեռ 3 տարի առաջ Գյումրու հրապարակը լեցուն էր․

«Ինչի՞ նշան պետք է լինի․ հիասթափության, հուսախաբության և ընդդիմության։ Գյումրին միշտ է ընդդիմադիր, բոլոր իշխանություններին ընդդիմադիր է, Գյումրիի բնույթը, բնությունն է այդպիսին, Գյումրին իշխանություն չի սիրում»,- պատասխանեց Միքայել սրբազանը։

Սրբազան հորը հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի Փաշինյանի՝ Ալիևին ուղղված առաջարկի մասին, որ իր որդուն՝ Աշոտին պատրաստ է փոխանակել հայ ռազմագերիների հետ, դա վեհանձն քա՞յլ էր վարչապետի պաշտոնակատարի կողմից, թե՞ հերթական շոու։ Միքայել սրբազանը դա հետամնացություն և ամոթ համարեց․

«Դա ոչ միայն շոու է, դա խայտառակություն է, դա հետամնացություն է։ Հայաստանի Հանրապետությունը սուլթանություն չէ, ինքն էլ սուլթան չէ, որ իր որդուն առաջարկի, ծախի, տա-ստանա։ Մենք ո՞ր դարում ենք գտնվում, մենք 21-րդ դարում ենք գտնվում։ Իր տղան չափահաս է, հետևաբար՝ ինքը կարող է որոշել, իսկ եթե անչափահաս լիներ, դա կնշանակեր թրաֆիքինգ, այսինքն՝ մարդու վաճառք։ Այնպես որ իր ասածը հիմարություն է, այնպես չէ, որ մի խելացի բան էր ասել»։

Միքայել սրաբազանին հարցրինք նաև, թե ի՞նչ ազդեցություն կունենա հասարակության վրա Փաշինյանի հայհոյախառն խոսքը, նա արդեն «շինելուց» է խոսում․

«Դե հասարակության այն հատվածի վրա, որը սիրում է հայհոյանք, կարող է նաև դրական ազդեցություն ունենալ․ մարդիկ կարող են ուրախանալ, որ իրենց մակարդակին է իջնում, բայց, ընդհանուր առմամբ, դա ամոթ է, նման բառապաշարի օգտագործումը ամոթ է ցանկացած քաղաքական գործչի համար, իսկ քաղաքական գործիչը ենթադրում է որոշակի կրթական ցենզ և մակարդակ։ Դա ամոթ է, դրա համար պետք է հրապարակավ ներողություն խնդրեր նման բան ասելուց հետո»։