Մինչ նռնակներ նետելը․․․

Ուզում եմ նկարագրել երեկվա հանրահավաքային տրամադրությունը։ Մարդիկ խաղաղ էին, հանգիստ, նրանք եկել էին մի լավ բան անելու, եկել էին օգնելու, որ հայ ժողովուրդն ազատվի այն մեծ «բեռից» , որը վեց տարի ընկել է երկրի վրա ու ճզմում է իր ծանրությամբ։ Նրանց մեջ կային տարբեր խմբերի մարդիկ՝ հաշմանդամներ, որոնք թև ու ոտ չունեին, ծերեր, երիտասարդներ․․․ Հավաքն այնքան խաղաղ էր, որ նույնիսկ մանկական սայլակներով երեխաներ էին բերվել, ծնողների հետ էին նաև իրենց անչափահաս երեխաները։ Մարդիկ գիտեն, որ հոգևոր հայրը իրենց ընդհարումների չի տանի, ամեն ինչ լավ ու խաղաղ էր՝ մինչև այն պահը, երբ ոստիկանության շարքերից պլաստիկ շշեր էին նետվում ու սադրվում։ Բագրատ Սրբազանը հանգստացնում ու անընդհատ կոչ էր անում, որ մարդիկ չտրվեն սադրանքների։ Նույնը զգուշացնում էր ոստիկաններին, ասելով, որ եթե սադրանք լինի՝ նրանց կողմից է լինելու ու պատասխանատուն այս իշխանությունն է։
Մեր ժողովուրդը շատ լավատես է։ Նա խայտառակ պատերազմից ու կապիտուլյացիայից հետո ամեն օր սպասում է, որ Նիկոլ Փաշինյանն արժանապատվություն կունենա ու հրաժարական կտա։ Որովհետև մենք դեռ ղեկավար չենք ունեցել, ով իր աթոռը, իր եսը կգերագնահատեր հայրենիքից։ Ով երկիրը տանուլ է տալիս ու մնում աթոռին՝ օգտագործելով իր պետական, վարչական լծակները։ Որպեսզի ամբողջացնեմ հանրահավաքային մեր խաղաղ տրամադրությունը, մի փոքրիկ դրվագ ներկայացնեմ։ Օրեր առաջ մի հոդված էի գրել, որ ես սովորաբար նստում եմ պատի վրա։ Եվ ահա իմ լավ ընթերցողներից մեկը, ով, ինչպես իմացա, Արցախում գնդապետ է եղել, սկսում է ինձ որոնել․․․ Ու բոլոր պատերը ուսումնասիրելուց հետո գտնում է ինձ։ Ի դեպ ասեմ, որ ինձ չէր ճանաչում, իսկ երեկվա հանրահավաքին նստել էի բարձր մի պատի, որտեղ միայն երիտասարդներն էին մագլցում։ Ու հանկարծ՝ դուք եք չէ՞ Հրապարակի Հասմիկը։ Ինձ համար անսպասելի էր, որովհետև ես հանրային հանդիպում- ներկայացումներից խուսափում եմ և զարմացա, որ անծանոթ մեկը ճանաչում է ինձ։ Հետո պատմեց, որ երկու ժամ է բոլոր պատերն ուսումնասիրում ու գտել է ինձ․․․
-Հետախու՞յզ եք,- ծիծաղում եմ։
- Ոչ,- աշխատել եմ Արցախի ՊՆ-ում։
Հին ծանոթների պես զրուցում, ժպտում ենք։ Մեր շուրջը բոլորը ժպտում էին։ Հայացքով ընդգրկում եմ բոլորին՝ մարդիկ այնքան երջանի՜կ են, նրանց թվում է, թե ուր որ է կկատարվի նրանց բաղձանքը և Հայաստանը թշվառության հասցրած ղեկավարը հրաժարական կտա։ Հետո ժպիտով, հրաժեշտ տվինք, նա առաջանում էր, իսկ րոպեներ անց ոստիկանության կողմից պայթեցվեց նռնակներ ու ժպիտները մարդկանց երեսին չորացան ու դարձան՝ ատելություն, դառնություն, լեղի, անեծք․․․ Այս իշխանությունը սպանում է անգամ մարդկանց ժպիտը․․․
Հետո ես փնտրեցի «ինձ գտած և ուրախացած մարդուն» վիրավորների մեջ ու չկարողացա գտնել․․․ Կողքիս կանգնած էր անոտ մի երիտասարդ, ով անընդհատ իր հավասարակշռությունը պահող մահակն էր անզորությունից կտկտացնում։
Կարծիքներ