Իսկ ինչո՞ւ Փաշինյանը նախկինների հետ չկիսեց Արցախը հանձնելու «չափազանց ծանր որոշումը»

Արցախի կապիտուլյացիայի եւ տարածքներն Ադրբեջանին հանձնելու բոթից հետո գործի անցավ իշխանական քարոզչամեքենան, ֆեյքերը՝ լուրեր տարածելով, թե Փաշինյանը ստորագրել է սպառնալիքի տակ, երեխային են գողացել, Արայիկ Հարությունյանին են գողացել, պահել «պադվալում», ու նմանատիպ այլ հեքիաթներ, թե դա արել են նախկինները, հատկապես՝ քոչարյանականները:
Այնուհետեւ Փաշինյանն իր տարբեր հայտարարություններում ասաց, թե Արցախը, Շուշին հանձնված են եղել դեռ 30 տարի առաջ: 30 տարի առաջը 1990 թվականն էր` արցախյան ազատագրական պատերազմի տարիները: Շուշին այդ ժամանակ դեռ Ադրբեջանից ազատագրված չէր, հայերն այն ազատագրել են 1992-ին: Փաշինյանը, հավանաբար, չի հիշում այս ամենը, քանի որ բանակում չի ծառայել եւ պատերազմին չի մասնակցել:
Մի խոսքով` Փաշինյանի թվաբանությունը սխալ է: ՀՀ առաջին նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, նրան փոխարինեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Թե նրանցից ով է Շուշին «նիսյայով» հանձնել Ադրբեջանին, եւ ինչու են թողել, որ քաղաքի «բանալիները» 30 տարի հետո հանձնի «հեղափոխական» Նիկոլը, վարչապետը չի մանրամասնում: Մինչդեռ պաշտոնական բոլոր աղբյուրները, նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում են, որ բանակցային սեղանին Շուշիի հարց երբեւէ դրված չի եղել:
Եթե Փաշինյանն այս ամենի մեղավորությունը տեսնում է նախորդ նախագահների մեջ, ապա պետք է հիշել, որ պատերազմի սկզբից առաջարկություն եղավ ձեւավորել ռազմաքաղաքական խորհուրդ, որում պետք է ընդգրկված լինեին ՀՀ նախորդ երեք նախագահները, Արցախի բոլոր նախագահները, երկու հանրապետությունների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Բոլորը պատրաստակամ էին՝ լծվել այս իրավիճակից երկիրը հանելու գործին: Նրանք չէին թաքնվել բունկերներում, չէին խուսափում պատասխանատվությունից, Հայաստանը չէին լքել:
Եթե Փաշինյանը գիտեր, որ Շուշին եւ Արցախի տարածքներն արդեն հանձնված են, ստորագրված են համապատասխան փաստաթղթերը, ինչո՞ւ չհամաձայնեց նախկինների կոչին, ինչո՞ւ չկանչեց եւ չասաց` եկեք, ձեր եփած շիլան դուք կերեք, եկեք, ոնց ստորագրել եք, այնպես էլ ետ վերցրեք ձեր ստորագրածը, եկեք, ոնց թալանել եք բանակը, այդպես էլ թալանված բանակով պատերազմը շարունակեք: Ինչո՞ւ նրանց առաջարկը մերժեց եւ որոշեց, որ այս բարդագույն պատերազմի ելքը, մի ամբողջ սերնդի, ժողովրդի ու հայրենիքի ճակատագիրը միայն ինքը պետք է որոշի: Որտեղի՞ց Փաշինյանին այդքան ինքնավստահություն, որ այս պատերազմն իր խելքի բանն է, եւ կարող է մենակ իրավիճակից դուրս գալ:
Եթե նա ընդուներ առաջարկը, եւ գործին խառնվեին փորձառուները, գուցե պատերազմը չունենար այս ողբերգական ավարտը, չունենայինք այսքան զոհեր, տարածքային կորուստներ, ջարդված հայրենիք: Իսկ եթե նույն արդյունքը լիներ, ապա համոզված կլինեինք, որ դավաճանություն չի եղել, պատասխանատվությունը կկրեին բոլորը հավասարաչափ, իսկ հրապարակում հավաքվածները կմեղադրեին ոչ թե միայն Փաշինյանին, այլ՝ բոլորին միասին: Մինչդեռ այսօր հասարակության, զոհերի հարազատների մեջ կասկած կա, որ միայնակ, ավելի ճիշտ` իր կնոջ հետ հայրենիքի ճակատագիր որոշող Փաշինյանը դեռ էլի «չափազանց ծանր որոշումներ» ունի կայացնելու, էլի կիսատ հարցեր ունի լուծելու:
Ուստի նրա հրաժարականը պահանջողները ոչ թե աթոռակռիվ են տալիս, այլ մտահոգված են իրենց ու երկրի անվտանգությամբ: Իհարկե, հավանաբար, կան նաեւ աթոռակռիվ տվողներ…
Կարծիքներ