Ինչու՞ Էջմիածնի տիկինը լուրջ չի ընդունել «գրիպը»

Ինչու՞ Էջմիածնի տիկինը  լուրջ չի ընդունել «գրիպը»

 «Մերժիր Սերժին»-ը  պրծավ, հիմա էլ «նույն թայֆով»  անցան «մերժիր Էջմիածնի ծյոծին»։ Մի հատ նայեք Էջմիածնի կնոջը հայհոյողներն ովքեր են՝ Լուսի, Փուսի, Պարկափուսի․․․
Այն ժամանակ երբ մերժում էիք Սերժին,  դուք իշխանություն չէիք։
Հիմա, հիշեցնեմ, դուք իշխանություն եք, իշխանությու՜ն․․․ Պատասխանատվությունը ձեզ վրա է։ Դուք չեք կարող  ողջ մեղքը բարդել Էջմիածնի տիկնոջ վրա։ Չեք կարող, որովհետև  երկրի ղեկավարն է այդ տիկնոջն ու բոլորին  հավատացրել, որ կորոնավիրուսը մի թեթև գրիպ է, սեփական օրինակով զանգվածային միջոցառումներ է կազմակերպել, դռնեդուռ ընկած բուկլետներ բաժանել ու այսօր էլ, ինչքան տեղյակ եմ, հինգ համայնքներում ընտրություն է կազմակերպվել։  Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Այդ կինը, ինչքան տեղյակ եմ, Իտալիայից եկել է փետրվարի 28-ին ու տեսել, որ վարչապետը զանգվածային միջոցառումներ է կազմակերպում՝ առանց վտանգ զգալու, առանց տագնապի, առանց անհանգստության։ Ինքն էլ «թևավորվել է»։ Սկսել է անլրջությամբ վերաբերվել «գրիպին», մտածելով՝ սովորական գրիպ է, կանցնի։ Երկրի ղեկավարի անլրջությունը չէր կարող չազդել շարքային քաղաքացու կողմնորոշման վրա։ Հիմա զարմանու՞մ եք, որ Էջմիածնի քաղաքացին դրան լուրջ չի վերաբերվել։ Երբ երկրի ղեկավարության մակարդակով նման համաճարակը լուրջ չի ընդունվում, արդյունքը լինում է դա։

Երբ ասում էինք, որ ղեկավարին կուռք չեն դարձնում, վիրավորվում էիք, այսօր Նիկոլ Փաշինյանին կուռք դարձնելու պտուղներն եք վայելում։ «Աչքները փակ հավատացել», ու հիմա իրենց կուռքը փլվում է իրենց աչքի առաջ․․․ Սևանա թերակղզում։ Նախկինների վրա մեղքը բարդելու սահուն անցումը տիկոջ վրա, չի անցնի։ Տիկինն ընդամենն իր կուռքի զոհն է։ Եթե այսօր դեռ շատերը չեն հասկանում, վաղը կհասկանան…
Լավ եղեք, ձեզ համար կուռքեր մի ստեղծեք, որովհետև դրանք ձեր աչքի առաջ թղթից շինված տնակի պես  փլվելու են․․․
Այսօր օգտատերերից մեկի գրառումն եմ կարդում, հումորի մեջ անասելի մեծ ճշմարտություն կա՝ «Որ շատ խորանաս, պարզվելու ա մորքուրն ա վիրուսը տարել Իտալիա»։

Թիրախ փնտրելու փոխարեն, գոնե մի անգամ, թեկուզ շատ փոքր չափով, ընդունեք ձեր պատասխանատվությունը, թերացումը, մինչև վերջ մի  իջեք զավեշտի աստիճանները․․․

Էջմիածնի կնոջը, և ընդհանրապես ցանկացած հիվանդի, աջակցություն է պետք և ոչ թե բարոյապես ջախջախել, այն էլ՝ պետական մուրճով։