Կենդանին մոտենում է՝ ձեզ հետ խաղալու, իսկ դուք ոտքով հրում եք

Կենդանին մոտենում է՝ ձեզ հետ խաղալու, իսկ դուք ոտքով հրում եք

Երեւանի քաղաքապետարանը նոր, խոշոր բյուջեով հիմնարկ է ուզում ստեղծել՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ անվանումով, որի բյուջեն, ըստ նախնական տեղեկությունների, կազմելու է մոտ 3.6 մլրդ դրամ։ 

Այսինքն՝ այս հիմնարկի ստեղծմամբ ամբողջ քաղաքի կանաչապատումն իրականացվելու է մեկ մարմնի կողմից, ոչ թե վարչական շրջանների։ Հիմնարկը պետք է ստեղծվի ավագանու որոշմամբ, բայց արդեն տեղեկություն կա, թե ով է նշանակվելու տնօրենը՝ Արմեն Բեգոյանը, որն այսօր զբաղեցնում է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ Բեգոյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ բացառեց, որ կարող է նշանակվել ստեղծվելիք ՀՈԱԿ-ի տնօրեն, բայց կոռեկտ չհամարեց մեկնաբանել, քանի դեռ ավագանու որոշմամբ այդ հիմնարկը չի ստեղծվել։

- Պարոն Բեգոյան, նախնական պետք է 3.6 մլրդ դրամի չափով բյուջե տրամադրվի նոր բացվող ՀՈԱԿ-ին։ Ըստ Ձեզ՝ նորմա՞լ է, որ կանաչապատման համար այդքան խոշոր չափի բյուջե տրամադրվի։

- Ես նախ չգիտեմ՝ ինչ բյուջե է հատկացվելու էդ ՀՈԱԿ-ին, բայց կարող եմ իմ կարծիքը՝ որպես քաղաքացի, ասել․ Երեւանի կանաչապատումը, Երեւանի էկոմիջավայրը, Երեւանի շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն այնքան մեծ են, որ իմ անձնական կարծիքով՝ ես կուզենայի էդ թիվը հնգակի, տասնակի ավել լիներ, որովհետեւ Երեւանում 30 տարի, ոնց հասկանում եմ, լուրջ աշխատանք չի կատարվել, եւ Երեւանի կանաչ զանգվածները գտնվում են շատ վատ վիճակում։ Դրանք փրկել է պետք։

- Բայց հիմա լրիվ հակառակն են ասում, որ կանաչ տարածքը երբեք այսքան անմխիթար ու փնթի վիճակում չի եղել, կանաչը չորացել է, գազոնները չեն խնամվում եւ այլն։

- Դե, ես որ ասում եմ՝ նախկինում, նկատի ունեմ մինչ օրս։

- Այսինքն՝ նաեւ վերջին մեկ տարին նկատի ունեք, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն է։

- Ես նկատի ունեմ՝ վերջին 25 տարիներին ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվել։

- Այդ դեպքում վերջին մեկ տարում ինչո՞ւ չկարողացան լուրջ աշխատանք կատարել, որ մի բան էլ վատթարացավ վիճակը։

- Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի՝ աշխատանքները լավ են կատարվել, թե վատ։ Եթե թափառող կենդանիներին վերաբերեր հարցը, մեծ սիրով կպատասխանեի։

- Կենդանիների մասով էլ դժգոհություն կա, որ շների ստերջացումը նորմալ պայմաններում եւ նախատեսված քանակով տեղի չի ունենում, թափառող շները շարունակում են վտանգ սպառնալ քաղաքացիներին, օրերս էլ կծել էին մի քաղաքացու։

- Ես տեղյակ եմ, բայց կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը հասարակության հետ կապված աշխատանքն է, որ պետք է իրականացնել, մարդկանց բացատրել, որ նախ թափառող կենդանիները հետեւանք են մեր՝ քաղաքացիներիս, անպատասխանատու վերաբերմունքի, երկրորդը՝ մենք պետք է հասկանանք, որ բնությունն այնպիսին է, որ այդտեղ պետք է լինեն ե՛ւ թափառող կենդանիները, ե՛ւ ծտերը, ե՛ւ ագռավները, ե՛ւ մյուսները։

- Այդ դեպքում Ձեր ղեկավարած կառույցն ի՞նչ պետք է անի, որ ես, Դուք, մեկ ուրիշը՝ որպես քաղաքացի, անվտանգ զբոսնենք մայրաքաղաքում եւ շների կողմից հարձակման չենթարկվենք։ Ձեր կառույցի ֆունկցիան հիմնականում դա՞ չպետք է լինի։

- Ոչ, մեր կառույցի ֆունկցիան է գլխաքանակի կանոնակարգման ծրագիրը եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, որը կառույցը փայլուն իրականացրել է։ Կառույցի առաջ դրված է եղել խնդիր՝ քաղաքի կենդանիների 60 տոկոս եւ ավելին ենթարկել ստերիլիզացիայի՝ ստերջացում, ամլացում, պատվաստում եւ այլն, որը եւ արվել է։ Եվ դա հաշվելի մեծություն է։ Այս պահի դրությամբ ստերջացված է 2 հազար 600 կենդանի, եւ տարեկան պլանը կատարված է, մինչեւ տարեվերջ մի քիչ էլ կգերակատարենք։

- Լավ, հիմա ո՞վ է պատասխանատու, որ շները հարձակվում են մարդու վրա եւ վնասում։

- Երեւան քաղաքում հայտնվել են նաեւ աղվեսներ, կարծեմ՝ էս վերջերս աղվեսը մտել էր, ինչ-որ մեկի հավերն էր կերել, ո՞վ է պատասխանատու։

- Եվ ո՞վ է պատասխանատու։

- Ամեն դեպքում, աղվեսների հարցով մենք չենք պատասխանատու։

- Իսկ շների հարցո՞ւմ, եթե ինձ կծեց շունը, ո՞վ է պատասխանատու դրա համար։

- Ես մի էսպիսի կարծիք ունեմ, ես իմ մեջ ուղղակի 99 տոկոսով վստահ եմ, որ եթե շուն պահող մեկը լինի, կենդանասեր որեւէ մեկը լինի, ես կարծում եմ՝ էդ շներից որեւիցե մեկն իրեն չի կծի։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ ինքը կենդանու հետ վարվելակերպի կանոնները գիտի։ Շատ դեպքերում կենդանին մոտենում է ձեզ՝ խնդրելու հաց, որ իրեն կերակրեք, կամ, օրինակ, ձեզ հետ խաղալու։ Իմ վրա բերեմ օրինակը․ եթե կենդանին, պայմանականորեն, ուզում է իմ հետ խաղալ, ես, չհասկանալով նրա ցանկությունը, կարող եմ այնպիսի շարժումներ անել, փորձեմ ոտքով հրել, եւ կենդանին իմ ոտքի շարժումը կարող է ընդունել որպես ագրեսիվ դրսեւորում իմ կողմից եւ իմ ոտքը կծի։

- Զարմանալի բան եք ասում, բնակչության շատ քիչ մասը կարող է տիրապետել կենդանիների հետ շփմանը։

- Դրա համար կա հանրության հետ աշխատանք կատարելու կարիք։ Այո, դա բացթողում է, խնդիր կա հանրության հետ աշխատանք կատարելու, կենդանիների հետ վարվելակերպի կանոններ սովորեցնելու։ Իմիջիայլոց, հիմա նախապատրաստվում ենք մեծ քանակությամբ բուկլետներ տպենք եւ բաժանենք բնակիչներին, նաեւ փակցնենք շենքերի շքամուտքերում․ դրանցում շատ օգտակար խորհուրդներ են լինելու։

- Վերջին հարցը․ Դուք մտերի՞մ եք Հայկ Մարությանի կամ նրա կնոջ հետ, ասում են՝ այդ մտերմության շնորհիվ եք նշանակվել այս ՀՈԱԿ-ի, առաջիկայում էլ՝ մյուս ՀՈԱԿ-ի տնօրեն։

- Ոչ, նման բան չկա, ով որ նման բան է ասել, շատ սխալ է ասել։ Ես Հայկ Մարությանի ընկերը չեմ, ես Հայկ Մարությանի հետ հարաբերություն չեմ ունեցել ո՛չ մինչեւ քաղաքապետ լինելը, ո՛չ էլ քաղաքապետ լինելուց հետո։

- Կնո՞ջն էլ չեք ճանաչում։

- Հայկ Մարությանին էլ եմ ճանաչում, կնոջ հետ էլ եմ ծանոթացել, եւ դա Ձեզ ի՞նչ տվեց։ Բայց ոչ՝ ես Հայկ Մարությանի կնոջ հետ մտերմություն չունեմ։