Քոչարյանի նախկին թիկնապահը չի հարցաքննվել․ դատարանը ստացել է դատախազության բողոքը

Քոչարյանի նախկին թիկնապահը չի հարցաքննվել․ դատարանը ստացել է դատախազության բողոքը

Մամուլում օրերս տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նույն գործով մեղմ պատժի դատապարտված «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն է եղել։ Մինչդեռ  դատախազությունից «Հրապարակ»-ին հայտնեցին՝ Հարությունյանը չի հարցաքննվել։

Այս գործով հարցաքննվել են Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը, Ստեփան Նալբանդյանը, որը Պողոսյանի ընկերն է եղել եւ նրա հետ դեպքի օրը գտնվել է նույն սրճարանում, եւ սպանությանն ականատես, արտասահամանցի Սթիվեն Նյութոնը։

Վերջինիս ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, երբ ցուցմունք տալու Նյութոնի հերթը դատարանում կլինի, նա կգա Հայաստան․ «Ինքը հարցաքննվել է միայն»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու եւ առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու պահանջով:

Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ դատարանը ստացել է  բողոքը, սակայն դեռեւս հայտնի չէ՝ այն վարույթ ընդունվելո՞ւ է, թե ո՞չ։

Նշենք, որ գործով առանցքային վկա Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի՝ անցած տարի ներկայացրած դիմումի հիման վրա Պողոսյանի սպանության գործով Քննչական կոմիտեում նոր վարույթ էր հարուցվել: Արդյունքում, ըստ դատախազության  տարածած հաղորդագրության, ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության մասին:

Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:

Այս արարքի համար Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: