Մեկ առաքելություն
Որքան էլ իշխանությունը փորձի մեզ համոզել, որ քաոս է տիրում ողջ աշխարհում, եւ Հայաստանը միայնակ չէ իր դժբախտությունների մեջ, ուղղակի մեր բախտը չի բերել` թույլ ենք, աղքատ ենք, գիշատիչների կողքին ենք, որ միայն աշխարհաքաղաքական իրավիճակն է պատճառը, որ հայտնվել ենք այս ծանր վիճակում, այդ փաստարկները միայն առաջին հայացքից են համոզիչ: Որովհետեւ ոչ բոլոր երկրներն են այս բարդ ժամանակներում հայտնվել հողմաղացի մեջ: Սակայն բոլոր այն երկրները, որոնք հայտնվել են, ունեն ապաշնորհ եւ արկածախնդիր իշխանություններ: Օրինակների համար եկեք շատ հեռուն չգնանք, այլ ուսումնասիրենք մեր հարեւան Վրաստանի անցած ուղին: Այդ երկրի գլխին եկած աղետները պատահել են անհավասարակշիռ, արկածախնդիր, փողկապ ծամող Սահակաշվիլու ժամանակներում:
Որքան էլ նրան ոմանք ռեֆորմատոր կոչեն, համարեն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար էր ծավալում եւ այլն, սակայն նա Վրաստանի պատմության մեջ մնալու է որպես պատերազմ բերած, հող հանձնած, երկիրը ցնցումների մեջ գցած նախագահ: Այնպես չէ, որ Վրաստանը փոխել է իր աշխարհաքաղաքական դիրքը, կամ Ռուսաստանն այլեւս նրա հարեւանը չէ, կամ` տնտեսական մեծ թռիչք է ապրել եւ լուծել իր բոլոր խնդիրները, բայց հաջորդ իշխանություններն իրենց հավասարակշռված, խելամիտ, զգուշավոր քաղաքականությամբ երկիրը դուրս բերեցին տուրբուլենտության գոտուց եւ այլեւս ավանտյուրաների չգնացին: Կարող էին, չէ՞, վրացական իշխանություններն էլ ՔՊ-ականների նման օրը մի հայտարարություն անել, պատեպատ նետվել, մի օր ռուսի հետ կռվել, մյուս օրը` ուկրաինացու, հետո` հայի ու ադրբեջանցու, բարդացնելով իրենց կյանքը եւ վնասելով իրենց երկրին: Բայց իշխանությունների հմտությունը հենց դրանում է, որ չմտածված քայլերով չվտանգեն իրենց երկիրը:
Կարծիքներ