40 մարդ մնացել է Լիսագորում

40 մարդ մնացել է Լիսագորում

Արդեն գրեթե 40 օր է ադրբեջանցի ֆեյք էկոակտիվիստների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է: Արցախում պարենային ճգնաժամ է, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումն էլ կախված է ագրեսոր Ադրբեջանի կամքից: Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր գյուղերն, ի տարբերություն Արցախի մնացյալ գյուղերի, կարողանում են մուտք գործել Հայաստանի տարածք: Այս գյուղերը Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասից դեպի Հայաստան ուղղության հատվածում են, այդ իսկ պատճառով Հայաստանի հետ ազատ կապ ունեն, բայց կտրված են Ստեփանակերտից: 

Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով ճանապարհին` Լիսագորի հատվածում ավելի քան 40 քաղաքացի է մնացել, որոնք չեն կարողանում գնալ իրենց տները: «Նրանց տեղավորել ենք գյուղի տարբեր տներում` բոլոր տեսակ հարմարությունները կան, մարդիկ հույսով սպասում են, որ ճանապարհը բացվելու է»,- պատմում է Լիսագորի համայնքապետը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Լիսագորում առօրյա կյանքն ընթանում, ի վերջո Լիսագորն այն եզակի համայնքներից է, որը Հայաստանի հետ ազատ կապ ունի եւ կարողանում է ազատ ելումուտ անել, համայնքապետն ասաց. «Համայնքում ոչ մի բանի խնդիր չկա, դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհը փակ է, սակայն մնացած ճանապարհները մեզ համար բաց են: Ամեն ինչ նորմալ է, մարդիկ գնում են Գորիս, առևտուր են անում, ոչ մի խնդիր չկա: Առաջ նույն գնումները կատարում էինք Ստեփանակերտից, հիմա` Գորիսից: Տարբերությունն էական չէ, միայն ճանապարհն է մի քիչ երկարում, բայց դա էլ ոչինչ: Ամեն ինչ մեզ մոտ նորմալ է: Լիսագորից Ստեփանակերտ հասնում էինք 30 րոպեում, Գորիս հասնում ենք` 45 րոպեում, սա է միակ տարբերությունը: Գազը կա, լույսը կա, վառեալափայտը կա, ամեն ինչ լավ է, երբեմն հոսանքի հետ կապված խնդիրներ են լինում, բայց ոչինչ, չենք նեղվում», - խոսքը եզրափակեց Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը: