«Հրապարակ». Այո, դա մեծ ճոխություն է քաղաքի համար

Բուռն աղմուկից հետո Տիգրան Ավինյանը հնդկական սերիալի մոտիվներով սկսեց զարմանալ իր 7,7 մլն դրամանոց ավիատոմսի վրա եւ երեկ հայտարարեց, որ հետ է վերադարձնելու այդ գումարը, քանի որ ինքը տեղյակ չի եղել, որ տոմսն այդքան է արժեցել։ «Վերջերս մեր ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել, մասնավորապես, ինձ համար տոմսերը, եւ, անկեղծ ասած, ես նույնպես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից։ Հետո մի փոքր խորացա եւ հասկացա, ընդհանուր անպատասխանատվության եւ անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետեւ նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին, եւ, անկեղծ ասած, եթե, օրինակ, մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի կամ եռակի ավելի թանկ ձեռք բերեինք։ Ես որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն եւ նաեւ կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրն ուսումնասիրել»։
Հիշեցնենք․ նոյեմբերի 22-ին ԱՄՆ չվերթի համար Երեւանի քաղաքապետարանը 9 ավիատոմս էր ձեռք բերել, որոնք արժեցել էին 12 միլիոն 465 հազար դրամ։ Ավիատոմսերից միայն մեկը՝ Տիգրան Ավինյանի համար, եղել էր բիզնես դասի՝ 7 միլիոն 650 հազար դրամ արժեքով։ Շուրջ մեկ ամիս անց չի դադարում Ավինյանի թանկարժեք ավիատոմսի հետ կապված աղմուկը: Բացի այդ, մենք գրել էինք, որ եւս 10 մլն էլ ԱՄՆ-ում էր ծախսվել՝ ավտոմեքենաներ էին պատվիրել, ռեստորաններում ճաշել եւ այլն։ Իրականում Ավինյանը չէր կարող տեղյակ չլինել իր ուղետոմսի արժեքից, քանի որ գործուղումների նախապատրաստումն ու ծախսերը պլանավորվում են հատուկ ընթացակարգով՝ նախ բանակցում են «մեյլագրությամբ» որեւէ գործուղման մասին, ապա քաղաքապետի որոշում է ընդունվում, իսկ այս դեպքում որոշումն ընդունվել է նոյեմբերի 15-ին՝ ուրբաթ օրը, ենթադրվում է՝ երկուշաբթի օրվանից գնման գործընթացն է կազմակերպվել, իսկ թռիչքը եղել է նոյեմբերի 23-ին՝ քաղաքապետի ընդունած որոշումից 8 օր անց, հետեւաբար, երբ Ավինյանը մեղադրում է այլոց ուշ տոմս գնելու համար, ապա փաստենք, որ դրանում կա նաեւ իր պատասխանատվությունը, որ, նախ, կարող էր ավելի շուտ իրավական ակտը՝ որոշումն ընդունել, որից հետո միայն պետք է տոմսերի գնում իրականացվեր, բացի այդ՝ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, որ ոչ թե թռիչքից 2, այլ գոնե 4-5 օր շուտ գնեին։
Ավելորդ է նշել, որ Ավինյանն ինքն է ցանկացել բիզնես դասով թռչել, իսկ բիզնես դասի թռիչքները, որպես կանոն, մի քանի անգամ թանկ են, քան սովորականները։
Երեւանի ավագանու նախկին անդամ, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ հիմնավոր չէ Ավինյանի այն պարզաբանումը, թե ուրիշները թերացել են եւ ուշ ձեռք բերել ավիատոմսերը․ եթե կա թերացում, ապա դա հենց Ավինյանի մեղքով է. «Բացի այդ, 2018-ից հետո ես չեմ մտաբերում, որ քաղաքապետը ձեռք բերի բիզնես դասի տոմս, իսկ այս դեպքում անկասկած է, որ իր ցուցումով է եղել, դժվար է հավատալ, որ աշխատակազմն է որոշել, որ Ավինյանը պետք է բիզնես դասով ուղեւորվի: Ընդհանուր առմամբ, այդ ուղեւորությունն արժեցել է շուրջ 20 մլն դրամ՝ 50 հազար դոլար, ինչը չափազանց մեծ ճոխություն էր մայրաքաղաքի համար»։
ՀԳ․ Հավանաբար, Տիգրան Ավինյանը չի մտածել, որ իր թանկարժեք տոմսի մասին ինֆորմացիան կհանրայնացվի, հակառակ դեպքում, հաշվի առնելով իր դեմ ներթիմային լարված իրավիճակը, չէր գնա նման քայլի։ ՔՊ-ում շատերը խոսում են, որ Ավինյանի դեմ այս արշավը կազմակերպվում եւ ուղղորդվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանից, չնայած` ամենաշատը Փաշինյանն ու իր ընտանիքն են բյուջեի միջոցներով շրջագայում։ Լուրեր կան, որ Ավինյանին հատկապես չի «սիրում» տիկին Աննան, որովհետեւ մի առիթով ինչ-որ բան է խնդրել` վերջինս չի արել: Ասում են նաեւ, որ Փաշինյանը մտադիր է գալիք ընտրություններին ընդառաջ «զոհաբերել» Ավինյանին՝ նրան հռչակելով իբրեւ իշխանության թիվ մեկ կոռուպցիոներ եւ այդպիսով ազատվելով նրանից, քանի որ Ավինյանն այն բացառիկ կուսակցականն է ՔՊ-ում, որը կարող է հավակնել՝ զբաղեցնելու Փաշինյանի աթոռը եւ որն ուսապարկի հավատարմությամբ չի ծառայում Փաշինյաններին:
Կարծիքներ