ՍԱՍ-ի Արտակը չի բողոքել․ խուլիգանության գործը հավանաբար կփակվի

ՍԱՍ-ի Արտակը չի բողոքել․ խուլիգանության գործը հավանաբար կփակվի

«Terrazza» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ, կարծես, ուզում են փակել։ Սա ի սկզբանե պարզ էր։ Միջադեպին մասնակցել են հայտնի անձինք ու հայտնի անձանց բարեկամներ, որոնց համար դժվար չի խուսափել իրավապահների ուշադրությունից։  «Հրապարակին» մոտ անձանցից մեկը ծեծկռտուքի պահին ներկա է եղել ռեստորանում և հաղորդել է, որ  միջադեպի մասնակիցներն են եղել ռուսաստանցի գործարար «Մոսկովյան պլազա» բիզնես-կենտրոնի սեփականատեր Արամ Քոչարյանը, մոսկվաբնակ գործարար «Աչագի» Գագոն, «Կալուգայի» Նորոն, ում պատանում է Աբովյանի «Ձկանոցը» և Արթուր Վարսանյանը, ով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմներից կամ բարեկամներից է։ 

Անցել է երկու ամիս, սակայն որևէ մեկին այս գործով մեղադրանք չեն առաջադրել։ «Որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան», - «Հրապարակին» հայտնեցին քննչական կոմիտեից։  

Հիշեցրեցին նաև, որ միջադեպի վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ և որ նախաքննությունը շարունակվում է։ 

Քանի անձ է հարցաքննվել գործի շրջանակում, արդյոք բացատրություններ տվել են միջադեպի մասնակիցները, նրանց թվում՝ Սերժ Սարգսյանի բարեկամը՝«Աչագի» Գագոն,ռուսաստանցի գործարար «Մոսկովյան պլազա» բիզնես-կենտրոնի սեփականատեր Արամ Քոչարյանը, որոնք, ըստ լուրերի մասնակցել են ծեծկռտուքին, կոմիտեից չհայտնեցին, ասելով, որ չեն ցանկանում վնասել նախաքննության շահերին։ Սա նշանակում է, որ Արտակ Սարգսյանը, որը ըստ լուրերի, տուժողն է եղել, լեզու է գտել մյուսների հետ ու չի բողոքել։ 

Հիշեցնենք՝ «Terrazza» ռեստորանի փակ սրահում գործարարները վիճաբանել էին, ապա կռվի էին բռնվել հունիսի 5-ին։ 

Իրավապահները մինչ օրս լիարժեք իֆորմացիա չեն տրամադրում միջադեպի վերաբերյալ։ Այդ օրը նույնպես սակավ տեղեկություններ էին պտտվում։ Հայտնի էր միայն, որ «Terrazza»-ի դրսի հատվածում սեղանիկների մոտ նստած հաճախորդները տեսել էին, թե ինչպես է  ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հանկարծ գոռալով դուրս թռչում ռեստորանից և իր թիկնապահներին է կանչում։ Հետագայում պարզվել է, որ ռեստորանում ներկաների միջև վիճաբանություն է եղել, որը սահուն անցել է ծեծկրտուքի: Մամուլում տարբեր կերպ են ներկայացնում, թե ինչից է ծագել վիճաբանությունը։ 

Ըստ «Հրապարակի» ստացած տեղեկությունների, Արտակ Սարգսյանը մոտեցել բարևել է Վարսանյանին, ում ճանաչում է անձնապես։ Արամ Քոչարյանն ասել է, թե ինչո՞ւ իրենց էլ չի բարևում, իսկ Կալուգայի Նորոն էլ, որ Արտակ Սարգսյանի համագյուղացին է (երկուսն էլ Կոտայքի մարզի ակունք գյուղից են), հանդիմանել է, թե «ինձ չես ճանաչո՞ւմ, որ բարև չես տալիս»։

Արտակ Սարգսյանը արհամարհական ձևով մեկնել է ձեռքը Նորոյի ուղղությամբ, որ բարևի, ինչն ավելի է  զայրացրել ներկաներին։ Միջամտել է «Աչագի» Գագոն, որի դուստրը ամուսնացած է Սերժ Սարգսյանի կրտսեր փեսայի՝ Հայկ Խաչատրյանի եղբոր հետ։ Խաչատրյանը ժամանակին լավ աջակցել է Արտակ Սարգսյանին։ Ուստի «Աչագի Գագոն», թերևս դա նկատի ունենալով, հիշեցրել է՝ «էդքան մեծացա՞ր, որ արդեն բարև էլ չես տալիս»։ Հետո սկսվել է քաշքշոց, Արտակ Սարգսյանին մի քանի հարված են հասցրել, վերջինս իր թիկնապահներին է կանչել, սկսվել է ծեծկռտուք։ Արթուր Վարսանյանն ու ևս մեկ անձ փորձել են բաժանել։ Այդ ընթացքում ռեստորանի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն։ ՍԱՍ-ի Արտակին տարել են բաժին, որտեղ նա հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ 

Հավելենք, որ Արտակ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։