Ալիևը շատ պարզ դրա մասին ասաց․ սա բացահայտ ագրեսիա է ՀՀ-ի նկատմամբ․ Փաշինյան

 Ալիևը շատ պարզ դրա մասին ասաց․ սա բացահայտ ագրեսիա է ՀՀ-ի նկատմամբ․ Փաշինյան

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ։ Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին տեղի ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ ֆիքսել։ Նա բառացի ու հստակ ասաց, թե Հայաստանը պիտի ընդունի Ադրբեջանի պայմանները ու համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել։ Նա ասաց, որ սա տեղի չունեցավ, ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դժվար է որակել։ Սա բարձրագույն մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում է։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքերով ընդունված հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը ու 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, որոնցով միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ սրանք հիմք կհանդիսանան սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների համար։ Միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից՝ նրան քաջալերում են գնալու նոր սադրանքների»,- հավելեց նա։