Հայի բա՞խտ, թե՞ հայի խելք

Հայի բա՞խտ, թե՞ հայի խելք

Մենք կամաց վերածվում ենք հյուսիսից եկող Կարմիր բանակին կամ Կիլիկիայի սարերը բարձրացող անգլիացի փրկարարներին սպասող ազգի: Ահա` Վլադիմիր Պուտինը ջերմ պատասխանեց Նիկոլ Փաշինյանին, Էնթոնի Բլինքենն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց ունեցան նրա հետ, Նենսի Փելոսին ամուր սեղմեց Ալեն Սիմոնյանի ձեռքը եւ դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը հստակ գնահատական հնչեցրեց: Երիտասարդ աղջկա նման՝ ականջներով ենք սիրում եւ էմոցիոնալ գնահատականներ տալիս մեզ շրջապատող աշխարհին: Իսկ մինչ այդ թշնամին արդեն նոր դիրքեր է գրավում մեր ձյունածածկ սարերի գագաթներին, հենակետեր է կառուցում, զորք է կուտակում մեր սահմանին եւ չի թաքցնում իր ցինիկ, զավթողական ծրագրերը. լավագույն դեպքում միջանցք, վատագույն դեպքում` Հայաստանն ամբողջությամբ: Այս վճռական պահին, թվում է, մենք պետք է մոբիլիզացնեինք մեր բոլոր եղած ու անգամ չեղած ռեսուրսները, հայի հետին խելքն ու աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին:

Պետք է բոլոր հնարավոր խողովակներն աշխատեցնեինք ու փորձեինք` աղմուկով լինի, թե զինվելով, հայ ազգի ոգին բարձրացնելով, թե համաշխարհային մարդկության խիղճն արթնացնելով, փրկել մեր երկիրը գազազած ու ամեն օր նոր պահանջներ դնող հրեշից: Բայց ոչ` մենք պատերազմը սահմանային կոնֆլիկտ ենք կոչում, ռազմական դրություն հայտարարելուց ձեռնպահ ենք մնում, հույս ենք կապում Աստծո եւ ինչ-որ հրաշքների հետ, շարունակում ենք մերժել նախկիններին եւ հրաժարվել նրանց աջակցությունից: Եվ շարունակ կրակի հետ ենք խաղում` մե՛կ Արեւմուտք, մե՛կ` Ռուսաստան: Իրանի ու Չինաստանի հանդեպ կասկածելի պահվածք: Բանակի հանդեպ կրավորական կեցվածք եւ զինվելու ուղղությամբ` զրո քայլեր: Պետական լիակատար անպատասխանատվություն: