Բարեփոխումների գործընթացն արժեր սկսել բոլոր 17 նախարարություններում

Բարեփոխումների գործընթացն արժեր սկսել բոլոր 17 նախարարություններում

«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված է մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները կառուցվածքային փոփոխությունների ենթարկել, մասնավորապես՝ մշակույթի նախարարությունը միավորվելու է եւ դառնա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։  

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը կարծում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր են աշխատողները․ «Եթե խոսքը գնում է օպտիմալացման մասին, ապա այդ օպտիմալացումը նախեւառաջ պետք է վերաբերի պրոֆեսիոնալ աշխատաոճին, եւ ոչ թե հարցերը դնել կառուցվածքային հիմքի վրա»։ Երկանյանն ասում է, որ գրեթե բոլոր նախարարությունների, այդ թվում՝ մշակույթի նախարարության կազմը խիստ ուռճացված էր, եւ առավել փոքր կազմով հնարավոր էր անել նույն գործը, ինչ որ արվում էր այդ կազմով։ Այդ իմաստով փոփոխություններ անելու կարիք կար։  

Ինչ վերաբերում է 3 նախարարությունները մի «տանիքի» տակ միավորելուն, ապա․ «Ես այն կարծիքին եմ, որ այստեղ էականն այն չէ, թե այդ նախարարությունն ինչ կկոչվի, եւ առաջնությունն ինչին կտրվի՝ գիտությանը, կրթությանը, հետո՝ մշակույթին ու սպորտի՞ն, թե՞ դա կարելի էր մի նախադասությամբ անվանել մշակույթի նախարարություն, քանի որ մշակույթի մեջ ներառվում է ամեն ինչ՝ կրթություն, գիտություն։ Դա չպետք է շփոթել արվեստի նախարարության հետ, որովհետւ շատերը մշակույթ ասելով՝ ընկալում են միայն արվեստը, մինչդեռ մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է եւ իր մեջ պարունակում է այդ ամենը։ Հետո՝ նախարարն ինքն է խոստովանել, որ այնտեղ կան բաժիններ, որոնք շատ լարված են աշխատում, չեն հասցնում օրվա ընթացքում, եւ բաժիններ էլ կան, որտեղ 1-2 ժամից գործն ավարտված է, եւ մարդիկ չգիտեն ինչով զբաղվեն։ Այնպես որ՝ խնդիրը պետք է այդ տեսանկյունից դիտել։ Թե աշխատունակության առումով որքանով է հարմար այդքան կադրեր ունենալ ձեռքի տակ»։ 

Իհարկե, մտահոգիչ է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կկորցնեն աշխատանքը՝ ընդգծում է կոմպոզիտորը։ «Ես միաժամանակ ուզում եմ հարց բարձրացնել՝ իսկ երբ ժամանակին տասնյակ հազարավոր մարդիկ գործարաններից, ֆաբրիկաներից դուրս էին մնում, նրանց մասին պետք չէ՞ր մտածել նույնքան մտահոգությամբ, որքան հիմա։ Նրանց թիվը շատ մեծ էր եւ կազմում էր Հայաստանից արտագաղթողների մեծ մասը, հիմա պետք է չինովնիկներ դուրս գան աշխատանքից, եւ պե՞տք է նման ողբերգություն սարքել այս ամենից։ Դա նշանակում է չհարգել այն մյուս մարդկանց, ովքեր ժամանակին տուժել են հենց այդ պատճառով։ Վերջապես՝ Հայաստանն այսօր կարիք ունի մարդուժի, իսկ մարդուժը կգտնվի այն ժամանակ, երբ այդ մարդիկ հնարավորություն ունենան աշխատանք գտնելու։ Իհարկե, մտահոգիչ բան է, բայց որ չինովնիկական հատվածը մեր երկրում ավելի շատ կարիք ուներ օպտիմալացման, քան այլ կարգի հաստատություններ, որտեղ մարդկանց կրճատում էին, դա էլ փաստ է։ Այնպես որ, կարծում եմ՝ սա մի խնդիր է, որ 2 կողմից կարելի է դիտարկել»,- ասում է նա ու նկատում, որ այս օպտիմալացումը կստիպի, որ մարդիկ ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց գործին եւ ոչ թե մատների արանքով նայեն․ «Ժամանակին փակվում էին ՊՈԱԿ-ներ, դուրս էին մնում մասնագետներ, այն դեպքում, որ չինովնիկներն իրենց տեղում էին մնում»։

Սխալ է նաեւ մշակույթը նույնացնել մշակույթի նախարարության հետ, ինչը, ըստ Երկանյանի, ձեռնտու է չինովնիկներին՝ ցույց տալու համար, թե իրենք էլ են մտածում մշակույթի մասին։ Ավելին՝ նա կարծում է, որ արժեր բարեփոխումների այդ գործընթացը սկսել բոլոր 17 նախարարություններում եւ ոչ թե մի քանիսում․ «Հույս ունեմ՝ այդ մոտեցումը կվերաբերի բոլորին, ոչ այս մի քանիսին, որովհետեւ խնդիրն այստեղ պետական ռեսուրսների խնայողությունն է, ու բոլորն էլ գիտեն, որ բոլոր նախարարություններում կան մարդիկ, ովքեր թաքնվում են ուրիշի հետեւում՝ չաշխատելով։ Մեր երկրում վարչական հատվածը շատ մեծ տեղ է զբաղեցնում եւ կարիք ունի բարեփոխման ենթարկվելու։ Ես նույն բանն ասել եմ նաեւ Կոնսերվատորիայի մեր նոր ռեկտորին, միայն 33 սենյակ զբաղեցնում են վարչական մարմինները՝ այն դեպքում, որ դասերի անցկացման համար դասասենյակներ չկան, եւ հաճախ կռիվ է գնում։ Մեզ մոտ այդ վարչական բաժինները միշտ ուռճացված են եղել, մի օր պետք է այդ ամենի մասին լուրջ մտահոգություն հայտնվեր․ այն, որ Փաշինյանն ասաց՝ 300 հազարն աշխատում է 800 հազարին կերակրելու համար, հենց այս նույն խնդիրն է»։