Սասուն Միքայելյանը մանդատից չի հրաժարվի եւ առաջիկայում պարզաբանումներ կտա

Սասուն Միքայելյանը մանդատից չի հրաժարվի եւ առաջիկայում պարզաբանումներ կտա

Մի քանի օր է համառ լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այնքան վիրավորված է, որ իրեն ՔՊ համագումարը չի ընտրել Քաղպայմանագրի վարչության անդամ, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։ Անգամ այսօր մամուլում լուր կա, որ նա ասել է․ «Մանդատը շպրտելու եմ դեմքներին»։ Մանավանդ որ այս օրերին Սասուն Միքայելյանն անհասանելի է, ուստի այդ լուրերն ավելի առարկայական են թվում։

Մենք փորձեցինք Սասուն Միքայելյանի մերձավորներից ճշտել՝ կա՞ արդյոք նման մտադրություն։ Մեզ հարյուր տոկոսով հավաստիացրեցին, որ մանդատից հրաժարվելու մտադրություն չկա, բայց Սասուն Միքայելյանը հիացած չէ այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր երկրում։ Եւ եթե իրենից դժգոհություններն իշխող կուսակցությունում պայմանավորված են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուին չաջակցելու հանգամանքով, ապա ինքը երբեք չի թաքցրել, որ աջակցում է Աբովյանի գործող քաղաքապետին, նրան համարում է հաջողված քաղաքապետ, ով իր գործունեության ընթացքում բյուջեն գերակատարել է, քաղաքը բարեկարգել է եւ այլն։ Իսկ Աբովյանի քաղաքապետին պատերազմ հայտարարած մարզպետին՝ Ռոմանոս Պետրոսյանին ինքը համարում է անհաջող մարզպետ, չնայած ժամանակին ինքն է նրան բերել կուսակցություն եւ նպաստել նրա առաջխաղացմանը։ Հիշեցնենք, որ մարզպետի եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունները հատկապես Աբովյանի ընտրություններից հետո շատ լարվել են։ Իսկ ՔՊ համագումարից ու վարչության ընտրությունից հետո Սասուն Միքայելյանը նաեւ որոշակիորեն սառեցրել է իր հարաբերությունները իշխանական այլ կառույցների հետ եւ Ազգային ժողով էլ չի գալիս։ Թեեւ, ասացին, որ առաջիկայում ծրագրում է գալ եւ իրեն ուղղված բոլոր հարցերի պարզաբանումները տալ։ 

Մեր տեղեկություններով, ՔՊ համագումարից հետո, չնայած Սասուն Միքայելյանին վարչությունից դուրս թողնելը վերագրվեց Նիկոլ Փաշինյանին եւ Աբովյանի ընտրությունների համար նրան պատժելուն, բայց մերձավորները համոզված են, որ դա վարչապետի հրահանգով չի եղել, այլ կուսակցության մուտիլովշիկների ջանքերով։ Սասուն Միքայելյանի դեմ, մերձավորների կարծիքով, աշխատել են ոչ միայն Ռոմանոս Պետրոսյանը, այլեւ գուցե Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը եւ ուրիշներ, որոնք վարչության կազմում ընտրվելիս վատ ցուցանիշներ չցուցադրեցին։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հնարավոր է, որ ընտրվելուց հետո անգամ հրաժարվեր վարչության անդամությունից, քանի որ ԵԿՄ նախագահի պաշտոնն իրեն բավարարում է, բայց ամեն դեպքում վիրավորված է նման վերաբերմունքից։ 

Ի դեպ, ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է սիրտը շահել, հարթել ստեղծված կացությունը։ Առհասարակ՝ Սասուն Միքայելյանն այն քիչ մարդկանցից է, ով պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ եւ նրան ասում է այն, ինչ մտածում է՝ եւ հատկապես իշխանությունների թույլ տված սխալների մասին։