Տնտեսական հեղափոխությունը հնի ժխտումն է

Տնտեսական հեղափոխությունը հնի ժխտումն է

Այսօր խորհրդարանը կսկսի քննարկել կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը, որը հրապարակվել է մի քանի օր առաջ։ Չնայած իշխանությունները 70 էջանոց փաստաթղթի ամենավերջում խոստանում են Հայաստանում իրականացնել տնտեսական հեղափոխություն, սակայն խորհրդարանական ընդդիմությունը, եւ ոչ միայն ընդդիմությունը, ներկայացված ծրագրի հեղափոխականությունն իրատեսական չի համարում։ Կառավարության ծրագրի ընդամենը մի քանի թվային նպատակադրումները զետեղված են հենց տնտեսության զարգացմանը վերաբերող հատվածում:

Առաջիկա 5 տարում, յուրաքանչյուր տարի, գործադիրը խոստանում է ՀՆԱ-ի աճ՝ առնվազն 5%-ով: «Միաժամանակ, տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն ավելի մեծ թվով քաղաքացիներ, իսկ նրանց աշխատանքի շնորհիվ ստեղծվող տնտեսական արդյունքը պետք է բաշխվի առավել հավասարաչափ»,- շեշտվում է ծրագրում: Թվեր են նշված նաեւ արտահանմանը վերաբերող հատվածում. հնգամյակի ավարտին արտահանումը հասնելու է ՀՆԱ-ի 43-45%-ին: Արտահանման թիրախային շուկաներում` ԵԱՏՄ եւ ԵՄ երկրներում, առավել նպաստավոր պայմանների ստեղծումը կհամարվի գերակա քաղաքականություններից մեկը: Իսկ տնտեսական աճի ապահովման կարեւորագույն գրավական է համարվել ազատ մրցակցությունը եւ արհեստական մենաշնորհների բացառումը, շուկայում կենտրոնացվածության նվազումը եւ ստվերի կրճատումը: Լոզունգներ, չհիմնավորված լավատեսություն եւ գործողությունների հստակ պլանի բացակայություն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԿԲ խորհրդի նախկին անդամ Արկադի Խաչատրյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար իշխանությունը պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացներ՝ հստակ թվային ցուցանիշներով, մանավանդ, որ, իր խոսքով, ՀՀ քաղաքացիները կոնկրետ ակնկալիքներ ունեն այս իշխանություններից, ու հարկավոր էր հստակ ժամկետներում ձեւակերպել խոստումները։ «Սա նպատակների մակարդակով ծրագիր չէ, իհարկե, թիրախավորվում են նպատակներ, սակայն դա բավարար չէ․ չափելի, համադրելի միավորներ չեն ներկայացվում, որպեսզի մենք կարողանանք համեմատել, թե 5 տարի հետո կամ տվյալ ժամանակահատվածում գնահատել կատարած-չկատարածը»,- նշում է ԼՀԿ պատգամավորը՝ նկատելով, որ կառավարությունը «զգուշավոր» մոտեցում է ցուցաբերել նաեւ տնտեսական աճի ցուցանիշը սահմանելու հարցում․ «Իհարկե, սա բավարար չէ, բայց պետք է խոսվի նաեւ դրա իրատեսության մասին։

Ավելին, առհասարակ տնտեսական հեղափոխության մասին խոսելիս պետք է ավելի զգույշ արտահայտվել, չափից ավելի շատ սպասումներ չձեւավորել հանրության մոտ»։ Կենսաթոշակների, նպաստների ավելացման մասին նույնպես կոնկրետ խոստումներ չկան, ծրագրում մինչեւ 2023-ը նախատեսում են վերացնել ծայրահեղ աղքատությունը․ «Մնացածը, թե ինչպես է նվազելու, ինչ միջոցներով, չի ներկայացվում»։ ԼՀԿ պատգամավորն ի պատասխան նշեց, որ դեռ վաղ է խոսել խմբակցության քվեարկության մասին․ «Մենք պետք է լսենք նաեւ կառավարության կոնցեպտը, պատասխանները, հետո միայն որոշում կայացնենք»։

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը զրույցի սկզբում շեշտեց, որ ներկայացնում է իր անձնական տեսակետները, խմբակցությունում դեռ չեն քննարկել ծրագիրը, հետեւաբար,  իրենց քվեարկության մասին որոշում չեն կայացրել։ Պատգամավորի գնահատմամբ, ծրագիրն «իրավական կոնկրետության եւ որոշակիության տեսանկյունից» խոցելի է․ «Ակնհայտ է, որ վարչապետը ցանկանում է դրական տեղաշարժ ապահովել, տնտեսական հեղափոխության խոստումներ է տալիս, բայց դրա համար պետք է ներկայացնել՝ ինչ սկզբունքներով, ինչ մեթոդներով եւ այլն։ Ասել, որ կառավարությունը մտադրություն ունի, եւ չասել, թե ինչպես է դա իրականացնելու, ես համարում եմ  հռչակագրային դրույթ, որոնցով, ցավոք սրտի, լեփ-լեցուն է ծրագիրը»։ Պատգամավորի կարծիքով, ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարության ծրագրում խոսք անգամ չկա պատասխանատվության մասին, որ եթե ծրագիրը չկատարվի կամ թերի կատարվի, ապա ինչպիսի «պատասխանատվություն» է պատրաստ կրել կառավարությունը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, մինչդեռ, վստահեցնում է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն ընթացքի մեջ է, եւ դրա արդյունքները կերեւան 2-3 տարվա ընթացքում: «Տնտեսական հեղափոխությունն ինչ-որ իմաստով նշանակում է հնի ժխտում, ամեն դեպքում` այն երեւույթները, որոնք զարգացում չեն տանում։ Օրինակ, ամենակարեւոր բաղադրիչն այդ հեղափոխության մեջ կոռուպցիայի արմատախիլ անելն է, կոռուպցիան այնքան գլխատված է, ոչ թե արմատախիլ արված, որ այս կոնտեքստում հնի ժխտումն է, նախորդ իշխանության ժամանակ կոռուպցիան տնտեսության զարգացման մեծ խոչընդոտներից էր»,- բացատրում է իմքայլականը։ Նկատեցինք, որ չնայած իշխանությունները վստահեցնում են, որ կոռուպցիա այլեւս չկա, սակայն ծրագրում մի ամբողջ բաժին է կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված, իշխանությունն էլ առաջարկում է «հանրային արգահատանքի» միջոցով վերացնել կոռուպցիան: «Իհարկե, կոռուպցիան գլխատված է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք ու ասենք` այդ խնդիրը լուծված է, պայքարը պետք է լինի շարունակական եւ հետեւողական»։ Բայց եթե, ինչպես ձեր թիմում են վստահեցնում, կոռուպցիա չկա, ինչի՞ դեմ եք պայքարելու։ «Պայքարելու ենք, որ հետագայում էլ չլինի»։

Աղազարյանի գնահատմամբ, ծրագրում բոլոր ցուցանիշները ճշգրիտ են, առանց ուռճացնելու․ «Ավելի լավ է՝ մենք ռեալ ցուցանիշներ ներկայացնենք, քան, ինչպես նախկինում էր տնտեսությունը՝ իբր 7 տոկոսով աճի, բայց կյանքը դրանից ավելի վատանար»։ Նշենք օրենքով սահմանված է, որ ծրագիրն ընդունվի քննարկումը սկսելուց հետո 7-օրյա ժամկետում։