Մի հաջողակ տղամարդ չկա՞, որ լյուկը փակի

Հաջողակ կանանցից պրծել, հիմա էլ Աննա Հակոբյանն անցել է հաջողակ տղամարդկանց։ Այս անգամ տիկինը ընթրիքի է հրավիրում հաջողակ տղամարդկանց՝ 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Ես Աննա Հակոբյանի դրամական մուտքերի, ծախսերի մասին չեմ խոսելու՝ թե ինչի համար է հավաքում կամ ինչ է անելու։ Փողածախսային պատճառաբանություններին, եթե անկեղծ լինեմ, միշտ էլ չեմ հավատացել։ Անգամ երեխան գրկած կինը, երբ փող է մուրում, չեմ սիրում, որ պատճառաբանում է, թե ինչու է ուզում։ Տալիս ու ասում եմ՝ մի պատճառաբանիր, հասկանում եմ։
Ինչևէ, ես ոչ թե տիկնոջ ծախսերի, այլ նրա պատկերացման մասին եմ գրելու։ Թե իր պատկերացմամբ ինչ ասել է հաջողակ կին կամ տղամարդ։ Վերջիններիս վերջնաժամկետ է տվել՝ մինչև հոկտեմբերի 24-ը «մուծվել»։ Այսինքն՝ ով մի միլիոն իրեն տա՝ հաջողա՞կ է։ Դա՞ է իր պատկերացումը։ Նա ժողովրդին լսել կամ լսու՞մ է, որ ասում է՝ Հայաստանում մի տղամարդ չկա՞․․․ Բոլորդ հասկանում եք, թե ինչի համար է ժողովուրդը այդ մի տղամարդուն փնտրում։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, կենդանի օրինակ բերեմ։ Պետական շենքում էինք ապրում։ Կես դար է անցել, բայց չեմ մոռանում։ Առավոտ շուտ վեր թռա անսովոր գոռոցից՝ օգնեցե՜ք, օգնեցե՜ք․․․
Հարևաններից մեկի ջուրը «բաց էր ընկել ու տունը քշած տանում էր»։ Այն ժամանակ տնից անջատելու հնարավորություն չկար, փողոցում դիտահոր (լյուկ) կար։ Հարևանուհին կանգնել էր փողոցի մեջտեղում ու օգնություն էր գոռում։ Կոմունիստների ժամանակն էր, բոլորը աշխատանքի էին։ Ես հիվանդ էի ու դպրոց չէի գնացել։ Փողոց թռա ու տեսա մի քանի անճար տատիկներ սառած կանգնել են հարևանուհու առաջ և մտքներով անգամ չէր անցնում, որ մտնեին լյուկը ու ջուրը փակեին։ Նրանք էլ միացել էին հարևանուհուն ու միասին գոռում էին ՝ օգնությու՜ն, տունը ավերվում է։ «Բա էս շենքում մի տղամարդ չկա՞»,- գոռոցի վրա մի պաշտոնավոր, կարմիր փողկապը կապած տղամարդ երևաց ու հարցրեց՝ տիկին ջան, ի՞նչ է եղել։
-Ջուրը տունս է լցվել, լաց եղավ կինը,- էս անտեր շենքում մի տղամարդ չկա՞, որ լյուկը մտնի։
- Դու մտի,- անփույթ նետեց գալստուկավոր հարևանը։
Հիմա մեր վիճակն է։ Սելավը քշած մեզ տանում է, մի տղամարդ ենք փնտրում, որ իշխանության լյուկը փակի, պարզվում է, որ հաջողակ տղամարդիկ էլ ունենք, որոնք կարմիր գալստուկ են կապում ու վախենում են մտնել «լյուկի մեջ»։
Կարծիքներ