Բա «սյունյաց ողջույններն» էլ կոնտեքստից չկտրեիր

Բա «սյունյաց ողջույններն» էլ կոնտեքստից չկտրեիր

Հարցին՝ եթե լիներ լրագրող, ինչպե՞ս կարձագանքեր ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին տված որակմանը՝ «վերբալ մարմնավաճառներ», Փաշինյանն ասուլիսում ասել էր․ «Վահագն Ալեքսանյանի արած արտահայտությունները պետք չի կոնտեքստից կտրել. Նա բոլորովին այլ բան է ասել: Նա բռնության քարոզին է անդրադարձել, ապօրինության քարոզին է անդրադարձել: Եթե ես լինեի գործող լրագրող, ես այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի, եթե ես իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ»: Հիմա եկեք զուգահեռներ անցկացնենք անցած տարի Սյունիքում տեղի ունեցած դեպքերի հետ․ Ագարակում եւ Կապանում իրեն ուղղված «սյունյաց ողջույնները» պատճառ դարձան, որ Սյունիքի համայնքապետերին նստեցնեն, մեծ թվով մարդկանց քրեական հետապնդման ենթարկեն՝ վարչապետին վիրավորելու համար։

Բա եթե մենք՝ լրագրողներս, չպետք է վիրավորվենք «վերբալ մարմնավաճառ» որակումից, ինքն ինչո՞ւ էր վիրավորվում «բ-ի տղա» որակումից։ Դա էլ պետք չէ «կոնտեքստից կտրել», որովհետեւ պատերազմում պարտության եւ Սյունիքն անտեր թողնելու ընդհանրական գնահատական էր՝ ուղղված իշխանություններին եւ նրանց վարած քաղաքականությանը։ Եթե ես լինեի վարչապետ, ես դրանից չէի վիրավորվի, եթե ազնվորեն ծառայում եմ երկրիս եւ ինձ ու ծնողներիս հայհոյելու առիթ չեմ տվել։ Շարունակենք լսել Փաշինյանին․ «Ես շատ կարեւոր եմ համարում, որ լրատվամիջոցները գործեն թափանցիկ: Լրատվամիջոցներն այսօր պաշտոնյաներից պահանջում են, որ նրանք լինեն թափանցիկ, իսկ լրատվամիջոցները չպե՞տք է գործեն թափանցիկ: Պետք է գործեն եւ կգործեն թափանցիկ: Մենք դրա համար ընդունել ենք օրենսդրություն․․․ լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ ենք դնում, որ հանրությունն էլ կարողանա լրատվության մեջ առկա հնարավոր քաղաքական շահագրգռությունները բացահայտել»:

Այսինքն՝ ժամանակին ինքն ու իր «Հայկական ժամանակը» թափանցիկ էին գործում։ Ասում են՝ անգամ գույքահարկ ու հոսանքի վարձ չի վճարել իր խմբագրությունը, հիմա թափանցիկությունից է խոսում։ Խոսում է թափանցիկությունից՝ այն դեպքում, երբ օրենքով փակել են, գաղտնի են դարձրել պետական պաշտոնյաների բոլոր ծախսերը, ոչ մի կերպ չենք կարողանում իմանալ, թե ինչքան են նստել բյուջեի վրա իրենց նորոգումները, ավտոմեքենաները, գործուղումներն ու մյուս ծախսերը։ Կառավարության նիստի 50 հարցից 49-ը փակ չզեկուցվող հարցեր են՝ խոսում է ԶԼՄ-ների թափանցիկությունից։

Սվետա Մարտիրոսյան