Կրքեր ՏՄՊՊՀ-ի շուրջ. հին աշխատողներից ազատվում են կառուցվածք փոխելով
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում աժիոտաժ է տիրում: Հանձնաժողովի նոր նախագահ Գեղամ Գեւորգյանը, որն ապրիլի 22-ից է զբաղեցնում այս պաշտոնը՝ փոխարինելով 2010 թվականից պաշտոնավարած Արտակ Շաբոյանին, մարդկանց աշխատանքից չի ազատել, սակայն հայտարարվել է, որ համակարգում կառուցվածքային փոփոխություն է լինելու: Աշխատողները փայլուն գիտակցում են, որ կառուցվածքային փոփոխությունն իրենցից օրինական ճանապարհով ազատվելու տարբերակ է: Քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցների մեծ մասը քաղծառայողներ են եւ հիմնարկի ղեկավարի կամայականություններից պաշտպանված են «Քաղծառայության մասին» ՀՀ օրենքով, «բստրել» են այս փոփոխությունը:
Փոփոխություններն աննշան են, կարելի է ասել՝ ձեւական: Օրինակ, վերլուծության վարչության անունը դնում են վերլուծության եւ մեթոդաբանության վարչություն: Ըստ «Քաղծառայության մասին» օրենքի, սա արդեն այլ ստորաբաժանում է, հետեւապես, դրա ղեկավարին օրենքի շրջանակներում կարելի է ազատել աշխատանքից:
Գեղամ Գեւորգյանը, գալով ՏՄՊՊՀ, նախ փորձել է ծանոթանալ կոլեկտիվին, տնտղել է կադրերը: Ասում են՝ ոմանց համար միջնորդել են, որ մնան, մյուսները դեռ ծանոթ-բարեկամ-բարեխոս են փնտրում՝ Գեւորգյանի մոտ ուղարկելու, բայց այս պահին հիմնարկում անորոշություն է տիրում: Աշխատակիցները չգիտեն, թե ով է գնալու, իսկ ում կթողնեն, որ աշխատի:
Հանձնաժողովի անդամներին էլ այլ գործընթաց է սպասվում: Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է ՏՄՊՊՀ-ի նոր կազմ նշանակվի: Հանձնաժողովի նոր անդամներին առաջարկում է վարչապետը, նշանակում է Ազգային ժողովը: Ինչպես հայտնի է, անցած ամիս կառավարությունը խորհրդարանով անցկացրեց մի նախագիծ, որով ՏՄՊՊՀ-ի գործելու ժամկետները երկարաձգվեցին մինչեւ հունիսի 30-ը: Օրերս կառավարությունն ԱԺ է ուղարկել նախագիծ, որում առաջադրված անդամների մի քանի անուններ են:
Ամենահայտնին, թերեւս, Տիգրան Մարկոսյանն է, որն արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի կուրսեցին է, եւ ասում են՝ ցուցակում հայտնվել է նրա աջակցությամբ: Համարվում է ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կադրը, նրա խորհրդականն էր: Այս պահին հայտնի է նաեւ Դավիթ Հովհաննիսյանի եւ Հայկ Կարապետյանի առաջադրման մասին: Վերջինս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը), որ տարիներ շարունակ մնացել է հանձնաժողովի անդամի պաշտոնում, ըստ որոշ կարծիքների՝ այս բարձր բարեկամության շնորհիվ: Հանձնաժողովում բոլորն ապշած են, թե ինչպես են մեկ անգամ եւս Դավիթ Հովհաննիսյանին, որը ֆիզմաթ․ մասնագետ է եւ մաթեմատիկայի նախկին ուսուցիչ, վերանշանակել, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ում ավելի լավ մասնագետներ կան՝ իրավաբաններ ու տնտեսագետներ:
Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ներկայիս կազմից առաջադրվել եք միայն Դուք՝ հարցրինք Դավիթ Հովհաննիսյանին: «Չեմ կարող ասել, անկեղծ ասած: Մտածում եմ՝ գուցե իմ փորձը հաշվի առնելով: Ես աշխատում եմ այս հիմնարկում ստեղծման օրվանից: 2001 թվականից սկսել եմ աշխատել որպես կրտսեր մասնագետ, բազային կրթությամբ մաթեմատիկ եմ, ավարտել եմ կառավարման ակադեմիան, այս պահին էլ հայցորդ եմ «Մրցակցության պաշտպանության քաղաքականությունը՝ ագրարային ոլորտում» թեմայով»,- ասաց նա: Ինչպե՞ս եք աշխատելու, երբ տարիներ շարունակ մարմինն ասում էր, որ մենաշնորհներ չկան, իսկ այսօր ասում են՝ եղել են։ Ի՞նչը կփոխեք աշխատանքում: «Ես որ գնամ Ազգային ժողով, կխոսեմ, բայց հիմա շատ բարդ հարց եք տալիս: Խնդրում եմ, այն, ինչ կապված է հանձնաժողովի հետ, մամուլի պատասխանատուի հետ ճշտեք»,- եղավ պատասխանը:
Ընդդիմության քվոտայով առաջադրվել է իրավաբան Հայկ Կարապետյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, բայց նաեւ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատարն է։ Նրան ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայկ Կարապետյանը ՏՄՊՊՀ անդամներից ամենաերկար ժամկետով նշանակվողն է լինելու՝ 4 տարով, հետեւապես, հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետո հիմնարկի չինովնիկների սանդղակում երկրորդն է լինելու: Հիշեցնենք, ՏՄՊՊՀ անդամները նշանակվում են․ 5 տարի ժամկետով՝ նախագահը, 4 տարի ժամկետով՝ անդամներից մեկը, երկու անդամ՝ 2 տարով, եւ վերջինը՝ 1 տարի ժամկետով:
Հայկ Կարապետյանը մասնագիտական փորձի առումով համեմատաբար ծանոթ է ՏՄՊՊՀ աշխատանքին, ավելի, քան հանձնաժողովի նախագահը: Նա Արտակ Շաբոյանի աճեցրած կադրն է: Նախկինում ՏՄՊՊՀ փորձագետ էր, ապա Շաբոյանը նրան նշանակեց իրավաբանական վարչության պետ: Հետագայում Շաբոյանի «սիրելի» կադրը գնաց դատախազություն եւ անմիջապես «ձուլվեց» նոր իշխանություններին՝ հայտնվելով կառավարությունում: Ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ից գնացիք դատախազություն: «Ավելի լավ առաջարկ էի ստացել: Առանձնակի պատճառ չի եղել: Դատախազությունում աշխատեցի մեկ տարիուկես»,- մեր հարցին պատասխանելով՝ հայտնեց Հայկ Կարապետյանը: Նա ասաց, որ կառավարությունում աշխատանքի է ընդունվել մրցույթով՝ կայքում տեսել է հայտարարությունը եւ քաղծառայության քննություն է հանձնել: ՏՄՊՊՀ-ն իրեն հոգեհարազատ ոլորտ է, որովհետեւ մասնագիտացած է դրանում, բայց կոռուպցիայի դեմ պայքարն էլ է հոգեհարազատ: Ինչո՞ւ եք այդ դեպքում թողնում այդ գործը, ափսոս չէ՞, այդտեղ շատ աշխատանք կա անելու: «Այո, շատ գործ կա այստեղ, հիմա էլ ծանրաբեռնված ենք, բայց այնպես չէ, որ թողնում եմ: Ես մնալու եմ գործընթացների մեջ»: Ի՞նչ կապ ունի դա ՏՄՊՊՀ-ի հետ:
«Չէ, ոչ թե որպես ՏՄՊՊՀ անդամ, այլ մասնագիտական առումով»: Հայկ Կարապետյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքը Շաբոյանի «սիրելի» կադրերից է եղել: Ծիծաղեց. «Ես հանձնաժողովում աշխատել եմ մինչեւ Շաբոյանի գալը, նրա օրոք դուրս եմ եկել աշխատանքից, իսկ սիրելի եմ, թե չէ՝ իրեն հարցրեք»:
Կառավարության փաստաթղթում, որը դեռ շրջանառության մեջ չի դրվել, նշված է նաեւ Վահե Չիբուխչյանը: Նա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակիցներից է, նույնպես Գեղամ Գեւորգյանի մտերիմներից, որի հետ վերջինս աշխատել է «Գիլյոտին» ծրագրի շրջանակներում:
ՏՄՊՊՀ հանձնաժողովի աշխատակիցների շրջանում տարածված կարծիք կա, որ կառավարության ղեկավարի մոտեցումն է՝ թարմացնել այս մարմինները, քանի որ նախկիններին «բորոտ» են համարում: Պաշտոնական հայտարարություն այս մասին չի արվել, բայց այս կարծիքը ձեւավորվել է վերջերս, այն բանից հետո, երբ այս հանձնաժողովների անդամներից երկուսը ներքին խողովակով փորձեցին ցանկություն հայտնել, որ իրենց վերանշանակեն: Նրանք մերժում են ստացել եւ խորհուրդ՝ «մոռացեք, եթե շատ էլ ուզենք ձեզ տեղավորել, ոչինչ չենք կարող անել»:
Հանձնաժողովում այս պահին ճամպրուկային տրամադրություն է: Ոմանց դեպքում՝ ուղիղ իմաստով: Շաբոյանի տեղակալ Պավել Ղալթախչյանը, օրինակ, այնքան վստահ է, որ չի վերանշանակվելու, որ այս խառը պահին արձակուրդ է վերցրել եւ մեկնել Ֆրանսիա՝ հանգստանալու: Անահիտ Սարգսյանը, որը նույնպես շարունակում է պաշտոնավարել, չցանկացավ անդրադառնալ ակնկալվող կառուցվածքային փոփոխություններին։ «Ես այս պահին շարունակում եմ պաշտոնավարել ու կատարել իմ աշխատանքային պարտականությունները։ Թե ինչ կլինի հետո, եւ թե ինչ որոշումներ կկայացվեն, կամ ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում, որեւէ բան այս պահին չեմ կարող մեկնաբանել»,- ասաց նա: ՏՄՊՊՀ մյուս անդամը, որը դեռ աշխատում է, Արտյոմ Հովհաննիսյանն է, որը նախկինում հարկայինում պետ է աշխատել, նրա տեղում առաջարկել են նշանակել Սեյրան Օհանյանի քենակալին: ԱԺ կայքից տեղեկացանք, որ Ձեր պաշտոնի համար արդեն առաջադրում կա, ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը: Մեր հարցին Արտյոմ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես խառը տեղ եմ, եթե կարելի է, մի քիչ ուշ զանգեք»:
Հանձնաժողովում այս պահին դեռ երկու ազատ տեղ կա: Դրանք թափուր են հունվարից, երբ ավարտվեց ՏՄՊՊՀ անդամներ Կարինե Փոլադյանի եւ Արամ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը, եւ նրանք գնացին:
Կարծիքներ