Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը տապալվա՞ծ է
Մամուլում ուշագրավ տեղեկություն է հայտնվել. Բրյուսելում ԵՄ արեւելյան գործընկերության տասնամյակի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը տարածվել է միայն կառույցի անվտանգության եւ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Մոգերինիի ստորագրությամբ, Ադրբեջանը չի միացել փաստաթղթին, որովհետեւ նրանում խոսք չկա գործընկեր երկրների տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ավելի վաղ Միլլի մեջլիսի նախագահ Ասադովն անոնսավորել էր, որ մայիսի 13-ին Բրյուսելում կստորագրվի ԵՄ-Ադրբեջան համաձյանագիր, որի շուրջ կողմերը բանակցում են արդեն տեւական ժամանակ: Ադրբեջանում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունից, սակայն, հակադարձել էին Ասադովի լավատեսությանը, ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ ստիպված էր եղել տարածել հատուկ հայտարարություն, ըստ որի «բանակցությունները շարունակվում են»:
Երեկ Բրյուսելում տեղի ունեցած դիվանագիտական միջադեպը փաստում է, որ Ադրբեջանի համար այդ սկզբունքային հարցում Բրյուսելն ընդառաջ քայլ կատարելու մտադրություն չունի, ուստի համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները կարելի է համարել հիմնավորապես ձախողված:
Ըստ դիվանագիտական աղբյուրների, ԵՄ-ն ԼՂ հարցում աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ըստ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների: Ադրբեջանը պնդում է, որ համաձայնագիր չի ստորագրի, եթե այնտեղ ամրագրված չլինի, որ Լեռնային Ղարաբաղը «պատմականորեն եւ իրավունքի տեսանկյունից ադրբեջանական տարածք է․: Նման ձեւակերպում, ինչպես հայտնի է դարձել, չկա Արեւելյան գործընկերության տասնամյակի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստում, ուստի վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բրյուսելյան այցը հիմնովին ձախողվել է: Թերեւս Ալիեի միակ մխիթարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կարճատեւ շփումը կարելի է համարել: Ադրբեջանական փորձագիտական հանրությունը դա գնահատել է բանակցությունների շարունակականությունը հավաստելու քայլ Հայաստանի վարչապետի կողմից:
Ընդ որում Փաշինյանի այն պնդումը, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ առարկայական բանակցություններ սկսել, ադրբեջանական փորձագիտական հանրության կողմից նախկին սուր քննադատությանը չի արժանացել: Տպավորություն է, որ բոլոր ուղղություններով դիվանագիտական անհաջողության մատնվելու ֆոնին Ադրբեջանը կարող է համաձայնել ԼՂ կարգավորման բանակցային նախկին ձեւաչափը վերականգնելու գաղափարին:
Կարծիքներ