Նիկոլ Փաշինյանի «չիկարելիները» 100 փաստի փոխարեն

Նիկոլ Փաշինյանի «չիկարելիները» 100 փաստի փոխարեն

Կառավարման ղեկը ստանձնելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը այդպես էլ չկարողացան հասկանալ հետևյալ պարզ ճշմարտությունները. 

Նրանք իրավունք չունեն արգելել կամ էլ կասեցնել այս կամ այն կուսակցության գործունեությունը, եթե դա չի հակասում կուսակցությունների մասին օրենքին: 

Նրանք իրավունք չունեն իրենց պատկերացումները փաթաթել ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա և չեն կարող որոշել, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը: 

Անթույլատրելի է պիտակումներ կպցնել լրատվամիջոցներին և լրագրողներից լոյալություն ակնկալել: 

Անթույլատրելի է ճնշումներ գործադրել դատական իշխանության վրա: 

Անթույլատրելի է միջամտել նախաքննության մարմինների աշխատանքին, տիրապետել նախաքննական գաղտնիքին և հանրայնացնել դա: 

Պարտավոր են հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը: 

Չի կարելի սեփական քմահաճույքներն ու նկրտումները կյանքի կոչելու նպատակով թաքնվել ժողովուրդ բառի ետևում, որը անդեմ և չսահմանվող եզրույթ է և կարող է ծառայեցվել որպես գործիք բռնության լեգիտիմացման համար: 

Անթույլատրելի է իրականացնել ընտրովի արդարադատություն, այսինքն իրավական գործընթացները օգտագործել որպես քաղաքական ճնշումների մեխանիզմ: 

Չի կարելի քաղաքական կյանքում հարաբերվել կոմպրոմատների և շանտաժի լեզվով: 

Չի կարելի քաղաքացիներին սուտ խոստումներ տալ, իսկ հետո հրաժարվել բոլոր տեսակի պարտավորություններից: 

Չի կարելի հանրության հետ շփվել անսանձ պոպուլիզմի և անվերահսկելի դեմագոգիայի դիրքերից: 

Չի կարելի խուսափել քաղաքական պատասխանատվությունից և սեփական ձախողումները փաթաթել ուրիշների վզին: 

Անթույլատրելի է բռնաբարել քաղաքական դիսկուրսն ու լեզվամտածողությունը, պղծել հայերենն ու հանդես գալ փողոցին բնորոշ ցածրագույն բառամթերքով: 

Անթույլատրելի է գրագողությամբ զբաղվել և նախորդ կառավարության արդյունքները վերագրել իրեն: 

Չի կարելի չիմացության դիրքերից պնդումներ անել և ծաղրի առարկա դառնալ (մասնավորապես` խոսքը պատմագիտական խեղաթյուրված փաստերի մասին է): 

Չի կարելի ֆրանսախոս մարդկանց ներկայությամբ ֆրանսերեն տեքստ կարդալ, եթե լեզվի իմացությունը սահմանափակվում է 5-րդ դասարանցու գիտելիքներով: 

Չի կարելի բարեկամ երկրների հետ հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ փոխհարաբերությունները փչացնելու հաշվին (խոսքը` ԱՄՆ-ին քննադատելու մասին է): 

Չի կարելի անզգույշ և անպատասխանատու հայտարարություններով փչացնել փոխհարաբերությունները բարեկամ պետությունների հետ (Վրաստան, Իրան, Հնդկաստան):

Չի կարելի սեփական իշխանությունը լեգիտիմացնելու և ուժային կենտրոններին սիրաշահելու նպատակով մասնակցել միջազգային խնդրահարույց ռազմական կամպանիաների: 

Չի կարելի հանուն դրվագային պատեհությունների վտանգել Հայաստանի անվտանգային համակարգը: 

Անթույլատրելի է քաղաքականության մեջ գոյություն ունենալ առանց գաղափարների, կոնցեպտների և սկզբունքների: 

Կրկնենք ևս մեկ անգամ. չի կարելի սուտ խոսել և լինել երեսպաշտ