Կձևավորվի՞ արդյոք կոալիցիա

Կձևավորվի՞ արդյոք կոալիցիա

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը պատրաստվում են իշխանության դեմ գրոհի։ Իշխանությունն էլ ձեռքերը ծալած նստած չէ՝ մտմտում են, թե ինչպես ամրացնեն իրենց դիրքերը։ Խոսակցություններ կան, որ հնարավոր է ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ կոալիցիա կազմեն:

ԼՀ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին հարցրինք` եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞ք։ «Մենք բազմաթիվ տարաձայնություններ ունենք՝ կառավարության գործունեությանն առնչվող, ինչն էլ բարձրաձայն արտահայտում ենք»: Բայց երբեմն էլ համաձայնություն եք հնչեցնում, բացառո՞ւմ եք, որ կուսղեկավարների մակարդակով ինչ-ինչ բանակցություններ ընթանան այդ ուղղությամբ։ «Որ պահին կուսակցության ղեկավարը բանակցի, մենք դրա մասին կիմանանք՝ նախքան բանակցությունների մեկնարկը»: Կարող ենք միանշանակ ֆիքսել` դեմ եք։ «Երկրորդում եմ` նման քննարկումներ չկան»: Եթե լինի՞։ «Կմտածենք»:

Նույն հարցն ուղղեցինք ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։ «Կոալիցիա կազմելը մեկ անձի որոշելիք չէ. նման հարց մեզ մոտ չի քննարկվում»: Ձեր անձնական մոտեցումը։ «Ես անձնական որոշում չունեմ՝ կլինի նման խոսակցություն, կուսակցության ղեկավարի գլխավորությամբ կորոշենք»: Ի դեպ, նախորդ օրը Գագիկ Ծառուկյանն ասել էր. «Մենք վարչապետի հետ կոալիցիա չենք, որ տնտեսական հեղափոխության հարցը քննարկենք իր հետ»: