Ֆլեշմոբը նորաձեւ է
Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նոյեմբերի վերջին գրառում էր կատարել, թե 2025 թվականը հայտարարում է տգիտության դեմ պայքարի եւ կրթվելու տարի: «Ձեռնոց նետենք տգիտությանը: Գիտելիքը եւ կրթվելը դարձնենք նորաձեւ: Նոր հմտություններ յուրացնենք: Չկրթենք: Միայն կրթվենք: Սովորենք մեր անձնական կյանքը եւ մեր միջավայրն ավելի լավը դարձնել: Սովորենք հարստանալ եւ հարստացնել: Սովորենք երջանկանալ եւ երջանկացնել: Սովորենք ուժեղանալ եւ ուժեղացնել»․ այսպիսի պոետիկ տողեր էր նա գրել եւ այս լոզունգի ներքո ամենօրյա հանդիպումներ է ունենում անկիրթ ու կիրթ տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ Միսիսիպի գետի անունը չիմացող մի լրագրողի, 44 օր հայ հանրությանը խաբած ՊՆ նախկին խոսնակի, սոցցանցերում ատելության խոսք տարածող, 150 հազար դրամի դիմաց հայհոյանք գրող մարդկանց հետ:
Մենք նկատեցինք, որ այս նախաձեռնությունը ֆլեշմոբի են վերածել, եւ տարբեր մարդիկ գրառումներ են անում, թե` ես միանում եմ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը, մասնակցելու եմ ինչ-որ դասընթացի եւ այլն: Աննա Հակոբյանի ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանից հետաքրքրվեցինք` ֆլեշմոբն է՞լ է վարչապետի կնոջ գրասենյակի նախաձեռնությունը: Նա ասաց. «Ճիշտն ասած, մենք չենք ընտրում մարդկանց, մարդիկ են ինքնաբուխ տեղադրում իրենց պատերին՝ միանալով արշավին, հատուկ թիրախավորված մասսա չկա, որին ասենք` դրեք ձեր պատերին, ինքնուրույն մարդիկ որոշում են եւ կիսվում իրենց էջերում: Կրթությունն այն թեման է, որ պարտադրովի չէ, ամեն մեկս` մեր ցանկությունով: Զուտ ընտրում են իրենք: Ընդհանրապես, գրասենյակն աշխատանք չի անում այս առումով»:
Կարծիքներ