Քոչարյանի դասերը կամ` մեսիջներ Կոպիրկինից

Քոչարյանի դասերը կամ` մեսիջներ Կոպիրկինից

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ ալեկոծել է մերձհեղափոխական շրջանակները: Կդժվարանամ ասել` ինչ վտանգ են զգում այդ շրջանակները, բայց մի բան հաստատ զգում են, որն առայժմ դժվարանում են հոդաբաշխ խոսքով արտահայտել: Նրանք քաջ գիտակցում են, որ օտարերկրյա դեսպանների հանդիպումները տվյալ երկրի նախկին ղեկավարների եւ հայտնի քաղաքական գործիչների հետ ընդունված պրակտիկա է աշխարհում, սակայն Քոչարյան-Կոպիրկին հանդիպումից այլայլվել են:

Ի վերջո, ի՞նչ է պատահել: Մեր ռազմավարական դաշնակից երկրի դիվանագիտական ծառայության ղեկավարը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ, զրուցել են, հարցեր քննարկել: Վա՞տ է: Ես կասեի` լավ է, որովհետեւ ՌԴ դեսպանն անձամբ է այցելել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ եւ մոտ 2 ժամ մնացել այնտեղ: Հաստատ՝ մեկ-երկու բաժակ էլ խմել են, հետո՞: «Խայտառակություն, դա բացահայտ արհամարհական վերաբերմունք է ՀՀ գործող իշխանությունների հանդեպ»,- բղավում են աջ ու ձախից` առանց հասկանալու, որ նման բղավոցով առաջին հերթին նսեմացնում են Հայաստանի հեղափոխական իշխանություններին: Փաշինյանի անզուգական խոսնակը չէ՞ր ասել, որ միայն խելագարը կարող է դեմ գնալ այս իշխանություններին: Դե ուրեմն հանգստացեք ու խելագարներին ձեր մեջ փնտրեք, որոնք նախ` Քոչարյանից «բոբո» սարքեցին, իսկ հիմա չգիտեն ինչպես ազատվել նրա ստվերից:

«Արտառոց է, երբ օտար երկրի դեսպանը հանդիպում է նախկին նախագահի հետ, որը ոչ միայն քրեական հետապնդման մեջ է, այլ նաեւ մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով։ Ընդ որում՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս օրերին ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ, ապա այս հանդիպումը ցուցադրական աջակցություն է Ռոբերտ Քոչարյանին»: Իյա, իրո՞ք… Իսկ ի՞նչ էիք մտածում այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե հեսա Ռուսաստանին ադապտացնելու եմ հայաստանյան նոր իրողություններին, իմա` թավշյա հեղափոխությանը: Փաստորեն` չի ստացվում, հա՞: Եվ մի ասեք, թե Հայաստանում այսօր «աննախադեպ կոնսենսուս գոյություն ունի Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու եւ ազատազրկելու հարցում»: Դա ձեր ուղեղի մորմոքն է, մտացածին հիմարություն: Ի վերջո, ձեր ասած այդ «կոնսենսուսը» բոլորը տեսան Քոչարյանին կալանքից ազատելու վճիռ կայացրած դատարանի մոտ: Հասարակությանը նման հիմարություններով ծանրաբեռնելու փոխարեն, ավելի լավ է մտածեք` ի՞նչ եք անելու, երբ այդ նույն հասարակությունը «կոնսենսուսի» գա` հասկանալով, որ իրեն խաբել-հիմարացրել են, որ հեղափոխական ֆարսը կոծկելու նպատակով մի ամբողջ տարի իր քթից բռնած ման են տվել ու սուտ թիրախներ նշանակել: Հասարակության մեջ, առհասարակ, չի կարող կոնսենսուս լինել թիրախավորված քաղաքական հետապնդումների, բռնել- բանտարկելու, բանտում սպանելու, քանդել-ավերելու, ոչնչացնելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու եւ նմանատիպ հարցերով: Փոխարենը առողջ հասարակությունը միշտ համախմբվում է կայունության, խաղաղության, աշխատանքի, ընտանեկան բարեկեցության, ազգային եւ ժողովրդավարական արժեքների շուրջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս առիթներ ունեցել է վստահեցնելու, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են եւ շարունակում են խորանալ: Հիշում ենք նաեւ, թե Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ինչ ոգեւորությամբ էր Պուտինին պատմում, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աննախադեպ չափերի է հասել, որ հայ-ռուսական համագործակցության արդյունքում ահագին ներդրումներ են եղել, 7 տոկոսից ավելի աճ ենք ունեցել եւ այլն: Այսքանից հետո մի՞թե կարելի է վախենալ Կոպիրկին-Քոչարյան հանդիպման փաստից, մանավանդ, որ հայտնի էլ չէ, թե ինչ են խոսել զրուցակիցները: Հեղափոխության հանդեպ ջերմ սիրով լցված մեր վերլուծաբանները, այդ հանդիպումից սարսափած, արդեն վստահեցնում են, որ Հայաստանի եւ նրա ինքնիշխանության դեմ «հիբրիդային պատերազմը» վարում է ոչ թե հայկական բարոյալքված ու ապակենտրոն քրեաօլիգարխիան կամ «սեւազգեստավորները», այլ Մոսկվան, որը Հայաստանում գործի է դրել իր ազդեցության բոլոր միջոցները` հեղափոխության արդյունքները չեղարկելու նպատակով։ Այդ վերլուծաբանները, առաջ գնալով, պնդում են, որ «Մոսկվան բացել է մի քանի «ճակատ»՝ հետեւողականորեն օգտագործելով ոչ միայն Հայաստանում իշխանություններից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ խմբերին, այլ նաեւ խաղադրույք կատարելով Հայաստան-Արցախ հակասությունների վրա»: Հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանն օրումեջ խոսում Հայաստան-Ռուսաստան փայլուն հարաբերություններից, սիրաշահում Մոսկվային, ավելի ստույգ` խաբում մեզ: Նա նույն երկակի ստանդարտն է կիրառում նաեւ Արեւմուտքի եւ Եվրոպայի հետ հարաբերություններում: Մենք հա՛մ ռեւերանսներ ենք անում, հա՛մ քննադատում ենք Արեւմուտքին` մեր հեղափոխությունն ըստ արժանվույն չգնահատելու եւ մեր ռեֆորմներին անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու համար: Եվ այս ամենից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թավշյա հեղափոխության ձախողումների մեջ մեղավոր են բոլորը, բացի մեզնից: «Արտը խախուտ, մհանեն` կարկուտ»․ սա ընդունելի կեցվածք չէ եւ չի նպաստում իրավիճակը ճիշտ գնահատելուն: Նախապես ընտրելով մեղավորներին` մենք նորանոր սխալներ թույլ կտանք ու երբեք չենք սովորի հետեւություններ անել մեր նախորդ սխալներից:
Մեկամյա վաղեմության դեպքերը հիշելով` կարող ենք ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ամենաադեկվատ գնահատականը հենց Մոսկվան է տվել եւ առաջինն է ամենաբարձր մակարդակով հանդիպել մեր նորընծա առաջնորդի հետ:

Դրանից մեկ տարի անց ՌԴ դեսպանի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահի հետ գնահատվում է որպես արհամարհական վերաբերմունք ՀՀ իշխանությունների նկատմամբ: Այդ որակումը, արդյոք, արդյունք չէ՞ մեր մոռացկոտության: Ինչո՞ւ ենք մոռացել, թե քանի անգամ ենք այս 1 տարում հակառուսական դեմարշներ արել ամենատարբեր, այդ թվում` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ անգամ Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ: Ու Կոպիրկին-Քոչարյան հանդիպման մեսիջներից մեկն էլ թերեւս սա է`ինչ որ ցանես, այն կհնձես, մանավանդ, եթե «դուխով» ցանես:

ՀԳ. Ռուսները մի հայտնի ասացվածք ունեն` մի վախեցիր տանկից, այլ վախեցիր խմած տրակտորիստից: Ինձ թվում է` նրանք մեր հեղափոխությունից չէ, որ վախեցել են, այլ Նիկոլ Փաշինյանի անկանխատեսելիությունից: Իսկ թե ով պետք է հետեւություն անի այս ամենից, առայժմ հայտնի չէ: