Օրեցօր բարդացող իրավիճակ

Օրեցօր բարդացող իրավիճակ

Այս աղետալի պատերազմի ու դրա հետեւանքների մասին մենք դեռ երկար կխորհենք։ Այսօր շփոթի ու շոկի մեջ ենք եւ շատ բան դեռ չենք գիտակցում։ Ու դեռ ինչ-որ անորոշ հույսեր ու հրաշքի սպասում կա օդում, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից, դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել։ Մի մասը հույս ու հավատով հետեւում է ռուսական խաղաղապահներին ու Ռուսաստանի նախագահի հայտարարություններն է վերլուծում։ Մյուս մասը հույսը կապում է եվրոպական հանրույթի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԱՄՆ-ն կմիջամտեն ու կվերականգնեն պատմական արդարությունը։ Բայց առավել իրատեսական տրամադրված շրջանակներում հոռետեսություն է, ապագայի աղետալի կանխատեսումներ։

Այսօր, երբ մեր աչքի առաջ, առանց կռվի գյուղեր են հայաթափվում, եւ ադրբեջանական զինուժն անարգել մտնում է Արցախի տարածք։ Երբ ամեն օր մարդկանց առեւանգման, գերեվարման մասին ենք լուրեր ստանում, եւ Արցախ-Հայաստան հաղորդակցության ճանապարհներն ապահով չեն։ Երբ հայտնի չէ՝ ինչ է մնալու Արցախի տարածքում, եւ ինչպես են գծվելու Արցախի սահմանները։ Երբ աղոտ զգացողություն ունենք, որ ռուս-ադրբեջանական առեւտուրը՝ հայկական հողերի համար, շարունակվում է։ Երբ լույսի պես պարզ է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները ոչ միայն չեն տիրապետում իրավիճակին, այլեւ այնքան անկումային հոգեվիճակում են, որ ռուսներին ոչ մի հարցում չեն առարկի, անգամ եթե նրանք պահանջեն Ստեփանակերտն ու Երեւանը։ Երբ մեր ինքնիշխանությունից ու մեր հպարտությունից գրեթե ոչինչ չի մնացել, եւ հայկական պետականությունը շագրենի կաշվի նման մաշվում է․․․ միայն մի բանի մասին կարող ենք խոսել՝ որ նման հոգեվիճակում գտնվող մարդիկ չեն կարող մնալ պետության ղեկին, նրանց մնալն ամեն օր ավելի ու ավելի է բարդացնում մեր վիճակը։