Կրկին մեդալներ են ստանում օրվա իշխանությանը քծնողները

Կրկին մեդալներ են ստանում օրվա իշխանությանը քծնողները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ մեդալներ է բաժանում տարբեր ոլորտների ներկայացուցիչների` Անկախության տոնի առթիվ։ Եվ եթե, օրինակ, ուժային կառույցների ներկայացուցիչներին պարգևատրում են իրենց կատարած այս կամ այն սխրանքի համար, ապա մշակութային գործիչներին կամ բիզնեսի ներկայացուցիչներին, ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա, պարգևատրում են հիմնականում իրենց իշխանահաճո և ծառայամիտ պահվածքի, օրվա իշխանությունների շահերը սպասարկելու համար։ 

Օրինակ՝ Երախտագիտության մեդալով որոշել են պարգևատրել «Անտարես» ՍՊԸ-ի տնօրենին` Արմեն Մարտիրոսյանին, որը երբեք, անգամ պատերազմից հետո, որևէ քննադատական կամ սուր խոսքով հանդես չի եկել Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հասցեին, փոխարենը հասցրել է լիուլի օգտվել պետական տենդերներից։

Կամ, օրինակ, Անկախության տոնի առթիվ գիտության, կրթության և մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով են պարգևատրել արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանին, որն այս երեք տարիներին միակ մտավորականն է եղել, որ անգամ պատերազմից հետո քծնել ու փառաբանել է Նիկոլ Փաշինյանին։ Նրա աչքին ոչինչ էին անգամ պատերազմի զոհերն ու Արցախի տարածքների կորուստը:

Պատահական չէ, որ նա «Հայկական ժամանակի» ամենասիրելի հեղինակներից է: Նրա այս տողերը, կարծում ենք, դարեդար կհիշվեն. 

«Նիկոլ, Ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը եւ սոկրատյան հանգստությունը քո ստուգապես կողմնորոշված պատասխաններում։ Դու գերազանցել ես մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին։ Քեզ հակադրվողները պետք է գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուրին մեկ առ մեկ տեսնում ու լսում են ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում»,-Հայաստանի նորընտիր վարչապետին այսպես էր ժամանակին քծնել բոլոր իշխանությունների պալատական արվեստաբանը։ Եւ «սոկրատյան հանգստությամբ» երկիրը կործանման եզրին հասցրածը գնահատում է իրեն ծառայող մտավորականներին`Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։