Ավշարի տնօրենը 1 օրվա մեջ անգամ ֆիզիկապես չէր կարող խախտում անել․ Աշոտ Արշակյան 

Ավշարի տնօրենը 1 օրվա մեջ անգամ ֆիզիկապես չէր կարող խախտում անել․ Աշոտ Արշակյան 

Կրթության և գիտության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հերքում է, թե մարզպետ Գարիկ Սարգսյանի քեռիները դպրոցում իր և բարեկամների երեխաների հետ դաս են արել՝ մոտիվացիայով, թե դպրոցը պետք է մաքրվի տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչներից։

ԿԳ հանրակրթության պատասխանատուն ասում է՝ նման փաստ չկա, ու ավելացնում, որ այսօր էլ նման լուրեր տարածվել էին, նախարարության աշխատակիցներն այդ ժամանակ դպրոցում էին, ստուգել են, նման բան չի եղել՝ «որևէ մեկը դաս չի պարապել»։ 

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Արարատի մարզպետարանը  հայտարարություն էր հրապարակել, որում, հղում անելով  «հավաստի աղբյուրներին», գրել էր, որ Ավշարի ներկայիս համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը, որն ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եղբայրն է, չարաշահումներ է թույլ տվել եւ պետության սեփականություն հանդիսացող «հին դպրոցի շենքը» վաճառել է իր դստերը՝ Հասմիկ Սուրիկի Գրիգորյանին, որն էլ իր հերթին ամսական 120 հազար դրամով վարձակալության է հանձնել Ավշար համայնքի «Մշակութային եւ ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ին․ համայնքին։ Տեղեկատվությունն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն։ Սրան զուգահեռ, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Ավշարի դպրոցում դասադուլեր ու գործադուլեր են, ուսուցչական անձնակազմը, աշակերտների ծնողները չեն ցանկանում աշխատել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ, որը, ուսուցիչների պնդմամբ, նշանակվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի միջնորդությամբ։

Ըստ որոշ տեղեկությունների, տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչների ետեւում կանգնած են Ավշարի սեփականատերերը՝ Գրիգորյանները։ Ինչ վերաբերում է Ավշարում ստեղծված իրավիճակին, ապա նախարարության հանրակրթության վարչության պետն ասում է, որ բողոքի հիմքում որևէ բան չկա։

«Մարդիկ կարծիք են հայտնում ընդամենը մեկ օր աշխատած տնօրենի մասին, որը, ըստ էության, այդ մեկ օրվա ընթացքում անգամ ֆիզիկապես չէր հարցնի որևէ խախտում անելու համար»,- ասում է Աշոտ Արշակյանը։ Նրա՝ այս թեմայի ամփոփմամբ, հարցը լուծման ենթակա է իրավական դաշտում։

Հիշեցնենք, որ ԿԳ-ն նախատեսում է իրականացնել դպրոցի տնօրենների ընտրության կարգի փոփոխություն, ինչպես նախարարությունում են ձևակերպում՝ բարեփոխումների շրջանակում։ Աշոտ Արշակյանը ներկայացնում է հիմնավորումը՝ ասելով․ «Դուք էլ լուսաբանել եք, որ տարբեր բողոքներ են լինում տնօրենների ընտրության-նշանակման կարգում, բացթողումներ, որոնք լրամշակման ու վերանայման կարիք ունեն։ Այստեղից էլ  բխել է կարգը վերանայելու անհրաժեշտությունը»։
Նոր կարգով՝ տնօրենի ընտրության ժամանակ ավելի մեծ ազդեցություն պետք է ունենան ծնողական և մանկավարժական համայնքները։ «Ավելի մեծ»-ը չափելիության տեսանկյունից այսպես է՝ խորհրդի կազմում ավելանալու է ինչպես նրանց թվաքանակը, այնպես էլ ծնողական և մանկավարժական համայնքների՝ ներգրավված անդամների կազմերը լինեն պատվիրակված։
Փոփոխությունից հետո ակնկալիք կա, որ լիազոր մարմինը՝ նախարարությունը, էլ չի մեղադրվի խորհուրդներում չափից մեծ՝ որոշիչ ազդեցություն ունենալու մեջ։ Հիմա այն վերանում է։
Դպրոցներում աուդիտների մասին մասնավորապես որոշ մեկնաբանությունների տեղիք էր տվել լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում նոր տնօրենի ընտրությանն ընդառաջ՝ մարտի վերջին ավարտվելիք աուդիտի անցկացումը։ Մասնավորապես, որ այն գուցե մահա՞կ է նախկին տնօրեն Լուսինե Բաբայանի գլխին, որ նա չառաջադրվի։
Այս հարցի շուրջ արդեն զրուցեցինք Արայիկ Հարությունյանի խորհրդական Գոհար Մամիկոնյանի հետ, ում ուղղված առաջին հարցը հետևյալն էր․ արդյոք բոլոր դպրոցներում կամ բոլոր ընտրություններից առաջ անցկացվո՞ւմ են աուդիտներ։

Նախարարի խորհրդականի խոսքով՝ բոլոր հատուկ դպրոցներում անցկացվելու են և արդեն անցկացվում են աուդիտներ։

«Տնօրենի պաշտոնավարումից հետո նախարարը, ես շրջում էինք շենքում՝ ուսուցչական անձնակազմի հետ, մենք, իհարկե, շատ բաներում տպավորված էինք, բայց նաև ուզում էինք հասկանալ՝ ինչ վիճակում է դպրոցը։ Գիտեք, հիմա Երևան քաղաքն անցնում է համընդհանուր ներառման, և մեր առաջ նաև դրված է դպրոցների վերակազմակերպման խնդիրը, ո՞ր դպրոցները կպահպանվեն որպես հատուկ, ո՞ր դպրոցները կվերակազմակերպվեն որպես մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոններ։ Եվ դրա շրջանակներում ուսումնասիրություններ են արվել գրեթե բոլոր հատուկ դպրոցներում»,- ասում է Գոհար Մամիկոնյանը։ Դպրոցում վերջին անգա աուդիտ իրականացվել է 45 տարի առաջ, և այս մեկը հերթական աուդիտի շրջանակում է։

Ինչ վերաբերում է աուդիտի ու մահակի մեկնաբանություններին, ապա նախարարի խորհրդականն ասում է՝ եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ աուդիտը նախկին, ներկա կամ ապագա տնօրենների համար մահակ է, ապա կարծում եմ, որ նման բան կարող է մտածել միայն մարդը, ով վախենում է, որ աուդիտը կբացահայտի մի բան, որը ցանկալի չէ։