Նիկոլ Փաշինյանի ընկերները՝ ընդդեմ Արցախի և հօգուտ Ադրբեջանի

Նիկոլ Փաշինյանի ընկերները՝ ընդդեմ Արցախի և հօգուտ Ադրբեջանի

Արցախում կայացած ընտրությունները բազմաթիվ երկրներ չեն ճանաչել՝ դրանով իսկ իրենց համերաշխությունը հայտնելով Ադրբեջանին և աջակցելով  վերջինիս տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։ Մեծ հաշվով՝ սա նորմալ և սպասելի արձագանք է օտար երկրների կողմից։ Բայց պետք է նկատել, որ Արցախի ընտրությունները չեն ճանաչել և հակառակը՝ աջակցել են այս հարցում Ադրբեջանին իր տարածքային ամբողջականության առումով մեզ բարեկամ երկրները, օրինակ՝ հարևան Վրաստանը կամ հեռավոր Կանադան, որի վարչապետը անցյալ տարի այցելել էր Հայաստան և գուլպա նվեր ստացել ՀՀ վարչապետից։ Այս երկու երկրները ոչ միայն մեզ բարեկամ պետություններ են համարվում, այլև մի շատ կարևոր թելով են նրանք կապված Հայաստանի հետ։ Բանն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ թե՛ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, թե՛ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր ընկերներն են։ Ու հիմա ՀՀ վարչապետի երկու, կարելի է ասել, մոտ ընկերները աջակցում են Հայաստանի թշնամի կամ հակառակորդ պետությանը, այլ ոչ թե իրենց ընկերոջը, որի հող ու ջրի մի մասնիկն է Արցախի Հանրապետությունը։ Ահա այսպիսի բան է քաղաքականությունը, որտեղ ընկերությունը սկսվում և վերջանում է բաժակաճառերով, հյուրասիրությամբ և միմյանց շուն ու գուլպա նվիրելով։ Իսկ ռեալ պոլիտիկում դրանք սոսկ ձևականություններ են՝ քաղաքական շահն ավելի կարևոր է իրենց համար, քան բաժակաճառերը։ Իսկ մեր վարչապետի համար, կարծես թե, նման ձևականություններն են առաջնային՝ սելֆիներ անել, գուլպաներ նվիրել, շներ նվեր ստանալ և այդպսով համարել, որ հաջողել է նա այդ երկրների հետ դիվանագիտության ու բարեկամության հարցում։ Եվ դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչև որ մենք չենք ստանում հերթական հարվածը «մեր ընկերների» կողմից՝ ի նպաստ մեր թշնամիների։