Ինչ հեռանկարներ են ուրվագծվում Մերձավոր Արեւելքում

Վերջին երկու շաբաթներին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները Քաթարում շատ բան ցույց տվեցին։ Բանակցությունների թեման՝ կրակի դադարեցման հնարավորությունն էր երկու կողմերից պահվող պատանդների փոխանակության դիմաց։ Նկատենք, որ, օրինակ, ռուս-ուկրաինական ճակատում գերիների փոխանակության բանակցությունները վարվում եւ այդ փոխանակությունն իրականացվում է առանց կրակի դադարեցման նախապայմանի ներառման։ Ի մի բերելով առկա տեղեկատվությունը, որը վերջին օրերին հրապարակվեց միջազգային լրատվամիջոցներով, կարելի է հետեւյալ արձանագրումները կատարել Գազայի սեկտորի առնչությամբ․
1․ ՀԱՄԱՍ-ի եւ վերջինիս ռազմական թեւի ղեկավարությունը ցանկանում են երկարատեւ հրադադար, քանի որ հյուծված են եւ չեն ստացել Իրանից լիարժեք օգնություն, որը ակնկալում էին։ Նույնպես եւ լիարժեք օգնություն չեն ստացել Բահրեյնից եւ Թուրքիայից։ Չասած Ծոցի ավելի հարուստ երկրները։
2 ՀԱՄԱՍ-ը չի վերահսկում բոլոր զինված խմբավորումներին, որոնք առհասարակ գործում են Պաղեստինում։ Մոտ 40 պատանդ գտնվում է այն խմբավորումների հսկողության ներքո, որոնք դեռ պատրաստ չեն բանակցային գործընթացի մեջ ներառվելու։ Համաձայն օպերատիվ տվյալների, այդ պատանդների մի մասին արդեն ենթարկել են մահապատժի, մի մասն էլ զոհվել են իսրայելական բանակի հարվածների հետեւանքով։ Մի այլ խումբ էլ գտնվում է Գազայի սեկտորում գտնվող ստորգետնյա թունելներում։
3 Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի օրական 10 պատանդ ազատ արձակել, ապա հրադադարը կարող է շարունակվել մինչեւ երկու շաբաթ։
4 Սակայն հետո իսրայելական զինուժն ավելի հուժկու հարվածներ կսկսի հասցնել, քանի որ Իսրայելի զինվորական ղեկավարությունն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներին անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել՝ ցանկացած էսկալացիայի պարագայում։ Այդ երաշխիքները տարածվում են թե ՄԱԿ ենթակայության ներքո գործող դատարանների պարագայում, թե Հաագայի դատարանի պարագայում, թե ամերիկյան իրավազորության ներքո գտնվող դատարանների պարագայում։ Միաժամանակ, Պենտագոնը շարունակում է ավելացնել Իսրայելին մատակարարվող զինուժը՝ Ուկրաինային հատկացվելիքը կրճատելու հաշվին։ Պետդեպարտամենտն էլ հանձնառել է հսկողություն սահմանել բոլոր նրանց վրա, լինեն դրանք Մերձավոր Արեւելքում կամ Արեւմուտքում, ովքեր դեմ կլինեն այս գծին։
5 ՀԱՄԱՍ-ի եւ Պաղեստինի ապագան դեռ շարունակում է մնալ անորոշ։ Թուրքիան մի կողմից իհարկե ակտիվացնում է շփումները Իրանի հետ, մյուս կողմից ավելացնում է իր եւ ադրբեջանական նավթամթերքների մատակարարումը Իսրայելին։
Հանրագումարի բերելով, կարելի է ասել, որ ներգրավված կողմերից յուրաքանչյուրը, որը մասնակցում է այս պատերազմական թատրոնին, գտել է իր ոսկե միջինը։ Դա անխուսափելիորեն կբերի ՀԱՄԱՍ-ի հյուծմանը եւ Գազայի սեկտորում նոր նախագիծ գործարկելու անհրաժեշտությանը։
Կարծիքներ