Մշակույթն արդեն հեղափոխական գաղափարների արդյունք է

Մշակույթն արդեն հեղափոխական գաղափարների արդյունք է
Ավետիս Բերբերյան

Հարցազրույց կոմպոզիտոր, «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր Ավետիս Բերբերյանի հետ․


- Պարոն Բերբերյան, հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ ունենք։ Մի մասի կարծիքով՝ ունեցանք միայն քաղաքական, բայց ոչ տնտեսական կամ մշակութային հեղափոխություն, մեկ այլ մասի կարծիքով էլ՝ հեղափոխությունն իր մեջ արդեն ուներ մշակութային տարրը։ 

- Շատերն էլ ասում են, որ սա հեղափոխություն չէր, այլ՝ իշխանափոխություն․․․, բայց կարծում եմ՝ իրականության մեջ տեղի ունեցավ իր ձեւի մեջ շատ ուրույն հեղափոխություն, որի ձեւաչափը մեր մտածելակերպի համար էլ անակնկալ էր։ Ես չգիտեմ՝ ինչ համաձայնությունների արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, որը հետո շահարկվեց որպես իշխանափոխություն, բայցեւայնպես, եթե կողքի հայացքով դիտես այս ամենը եւ փորձես գնահատել կատարվածը, ապա հստակ տեղի ունեցավ փոփոխություն, որը ժամանակի հետ հասունանում էր, կաթիլ-կաթիլ լցվում էր, եւ եկավ այն պահը, որ պետք էր լուրջ փոփոխությունների գնալ։ 

- Այդ մեծ փոփոխությունն ինչպե՞ս անդրադարձավ լայն իմաստով մշակույթի վրա։

- Երբ իշխանության են գալիս մարդիկ, ովքեր իրավիճակն ընդերքից պետք է փոխեն, այդ ժամանակ թվում է, թե շատ արագ փոփոխություններ պետք է լինեն, այսինքն՝ մարդկայնորեն ակնկալիքները մեծ են։ Ու երբ մենք նեղվածություն ենք ապրում, որ ինչու են ուշանում այդքան ցանկալի առաջին պտուղները, ինչու են հապաղում, ինչու են սխալ նշանակումներ տեղի ունենում, ապա դա շատ բնական է, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ սա լուրջ պրոցես է։ Մենք, լինելով էմոցիոնալ ազգ, ամեն մի ազդակը, հայտարարությունն ընդունում ենք շատ մեծ սպասելիքով, ու հիմա այնպիսի զուգահեռ իրողություններ են տեղի ունենում, որ ներկայում ժամանակի տեւողությունն արգելակվում է։ Բնական է, որ կան նաեւ շատ տարբեր շահեր, խնդիրներ, ու դա՝ տարբեր շերտերում․ կոռուպցիա, օլիգարխիա, հանցագործություններ, որոնք կամաց-կամաց մեջտեղ են բերվում։ Ինչու չէ՝ կան նաեւ վախեր, որովհետեւ վերջին 30 տարիների ընթացքում վախը հատուկ է սերմանվել։ Բառացիորեն՝ վախը մարդկանց ճակատին դաջվել է, այնպիսի ողբերգական դեպքեր են եղել, որ դրանք մեր մեջ բավականին խորը հետք են թողել։ Նույն՝ հոկտեմբերի 27-ի նկարահանումները, կարծում եմ, հատուկ էին արվել, որ ժողովուրդը տեսնի եւ իր մեջ ընկալի սարսափը, վախը իշխանության հանդեպ։ Սրանք լուրջ հոգեբանական հարցեր են, որոնց լուծումն անհնար է պահանջել իշխանությունից՝ մեկ տարվա ընթացքում։ Հատկապես որ, չնայած այն հանգամանքին, որ բանիմաց մարդիկ կան իշխանության մեջ, բայց Փաշինյանի անհատական ազդեցությունը, որը պետք է որոշակի շրջանից հետո բերեր բաշխվածության որոշակի ոլորտներում, տեղի չունեցավ, եւ այսօր էլ բոլոր հարցադրումները՝ կենցաղայինից մինչեւ քաղաքական, մշակութային հարցեր, ուղղվում են միայն իրեն։ Այստեղ առաջ են գալիս նաեւ կադրային հարցերը։ Երբեք կենցաղային հարցերն օրակարգային չպետք է դառնան, այսինքն՝ մարդիկ իրենց տեղերում այդ հարցերին պետք է լուծումներ տան։

- Ձեր խոսքում նշեցիք կադրային ու կառուցվածքային փոփոխությունների մասին։ Կառավարության որոշմամբ, մշակույթի նախարարությունը միավորվեց կրթության եւ գիտության նախարարությունը, ինչը շատ քննադատվեց, տեսակետներից մեկն այն էր, որ այս մոտեցումը խոսում է մշակույթի հանդեպ պետության վերաբերմունքի մասին, որով նա ստորադասում է մշակույթը։ Արդյոք մեր օրերում մշակույթի նախարարություննե՞րն են մշակութային քաղաքականություն թելադրողները։

- Երկու մոտեցում կա։ Եթե մշակույթի նախարարությունն իր ձեւաչափով պետք է շարունակեր իր գործունեությունը միայն մենեջմենթային կարգավիճակով, ապա համաձայն եմ, որ այն լինի վարչության պես մի բան՝ մի մեծ օղակի մեջ։ Այսինքն՝ սա ոչ կոնցեպտուալ գերատեսչություն է, որը պետության կողմից հատկացված դոտացիան բաժանում է մի շարք նվագախմբերի, կոլեկտիվների, ՊՈԱԿ-ների միջեւ։ Բայց կա երկրորդ կողմը՝ կոնցեպտուալ հարցը։ Եթե երկրի մշակույթը պետության հովանավորության ներքո է առաջ գնում, եթե ողջ մշակութային բազայի վրա կոնցեպտ կա, ապա այս ձեւաչափը սխալ է, որովհետեւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է գերբեռնված նախարարությունն ամեն ինչ հասցնել։ Հարցը փոխնախարարները կամ մի քանի տասնյակ խորհրդականները չեն, այստեղ լուրջ մոտեցումների հարց կա։ Արդյոք այդ ամենը մեկ մտքի, մեկ անհատի հնարավորությունների սահմանո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետեւ, ինչքան էլ ուզեք թե չուզեք, գերատեսչությունը քաղաքականություն է վարում, էլ չեմ ասում պետության կողմից հստակ ձեւաչափերի մասին, որ կոնկրետ ուղղվածություն պետք է տա իր ժողովրդին։ Կոնցեպտուալ տեսանկյունից ես դեմ եմ, որ այդ ձեւաչափով գործի, որովհետեւ շատ դեպքերում շատ հարցեր համահարթեցվելու են այդ ամբողջականության մեջ։ Կարելի էր նաեւ լուծարել ու նորից հավաքել՝ ավելի առողջ ուժեր, ավելի մոբիլ դարձնել այն։ Մի առիթով լսեցի, որ վարչապետն ասաց․ եկեք տեսնենք՝ եթե 6 ամսով մշակույթի նախարարություն չլինի, դրանից ի՞նչ կլինի մեր մշակույթի հետ։ Ես կզգուշանայի այս տեսակ արտահայտություն անել, որովհետեւ երբ հաստոցը կանգնում է եւ մի կետից սկսում է ժանգոտել, այդ հաստոցը վաղը սկսում է մի ատամը կորցնել, հաջորդ օրը՝ մյուս ատամը, ու վերջում սկսում է փշրվել։ Մշակույթն օրգանական շարունակություն է, սա մի կոլեկտիվը լուծարելու, մյուս ՊՈԱԿ-ը միավորելու հարց չէ, մշակույթն արյունատար անոթ է, եւ այդ սեղմումները կարող են անոթի վրա ազդել։ 

- Հեղափոխությունից հետո արվեստի դաշտում ի՞նչ եւ ինչպիսի՞ գործեր ստեղծվեցին։ Մի քանի փերֆորմանսներ, ցուցահանդեսներ եղան, դրանից բացի ի՞նչ միտումներ կառանձնացնեք։

- Հեղափոխությունները ծնում են նորարարական ստեղծագործական պրոցեսներ։ Ինքը՝ մշակույթը, արդեն հեղափոխական գաղափարների արդյունք է, իսկ այն, ինչ տեղի ունեցավ ու կազմակերպվեց, կարելի է գնահատել ավելի շատ որպես միջոցառումների շարք։ Չգիտեմ՝ այս հեղափոխության ձեւաչա՞փն էր պատճառը, որ մեծ արժեքներ չծնվեցին, թե ոչ, բայց, ընդհանուր առմամբ, կանոնը հետեւյալն է՝ արվեստագետը հեղափոխական շրջանում կրկնակի անգամ է դառնում հեղափոխական՝ արդեն իր ստեղծագործական պրոցեսի մեջ։ Այդ ժամանակ արվեստագետի կտավը պատրաստ է նոր, լայնածավալ հարվածների։ 

- Մյուս կողմից էլ՝ գուցե ցանկացած իրադարձություն ժամանակի մեջ պե՞տք է վերարժեւորվի։

- Դա տեսակետ է, բայց միանշանակ է մի բան․ երբ տեղի են ունենում հսկայական իրադարձություններ, կուտակվում է ահռելի էներգիա, որը պետք է իրացվի թե՛ քաղաքական, թե՛ մշակութային դաշտում։ Այդ ազդակները շատ իմպուլսիվ ձեւով են գալիս քեզ, իսկ ստեղծագործությունը ծնվում է հենց էներգետիկ կուտակումների արդյունքում։ Հեղափոխական շրջանի այդ էներգիան իր հետ բերում է նաեւ հետեւանքներ, ամենակարեւոր հարցն այն է, թե այդ էներգիան ինչ ձեւով ես իրացնում, ուր ես տանում, ինչ հարցերի կարգավորմանն ես ուղղում։