Սահմանափակումներն օգուտ տվեցին, քանի որ հասկացանք՝ որտեղից են դուրս գալիս այդ օջախները. Համայնքի ղեկավար

Սահմանափակումներն օգուտ տվեցին, քանի որ հասկացանք՝ որտեղից են դուրս գալիս այդ օջախները. Համայնքի ղեկավար

Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում մայիսի 16-ից 10 օրով արգելվեց անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:
Գյուղի տարածքում երթևեկության իրավունք ունեին միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման, գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով մուտք գործող ավտոմեքենաներն ու միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով երթևեկողները:

Արգելվել էր նաև գյուղի տարածքում գործող վերամշակող, հանքարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացումը։

Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ սկզբում համայնքի բնակիչների կողմից գյուղում սահմանափակումներ մտցնելու որոշումը խանդավառությամբ չի ընդունվել, բայց հետո բոլորն են հասկացել սահմանափակումների նշանակությունը։

«Սկզբում, իհարկե, եղան դժվարություններ, էս պահի դրությամբ ոնց որ արդեն ամեն ինչ նորմալ է։ Դեռ կան մեկուսացվածներ, բայց այն հիմնական օջախները, որ կային, ոնց որ արդեն մարվել են։ Սահմանափակումներն, իհարկե, օգուտ տվեցին, քանի որ հասկացանք՝ որտեղից են դուրս գալիս այդ օջախները, մարդկանց մեկուսացրինք, բնակիչները հասկացան՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ Արենի համայքում եղել է 13 վարակակիր, 49 մեկուսացված անձ։

«Գրեթե բոլորն արդեն դուրս են գրվել, ճիշտ է՝ մեկուսացվածներ էլի կան, բայց, նորից եմ ասում, էն հիմնական օջախները մարված են»,-նշեց համայնքի ղեկավարը։

Սահակյանը հավելեց, որ գյուղատնտեսական աշխատանքներից բացի սահմանափակումների շրջանակում համայնքում մյուս ոլորտների աշխատանքները դադարեցված են եղել, բայց այս պահից սկսած՝ բնականոն սկսել են գործել։