Ինչից ուր հասանք

Ինչից ուր հասանք

Տարին փոխվեց, իսկ խառնաշփոթը Հայաստան աշխարհում շարունակվում է: Մի կողմից, իշխանությունը բանակցում է Թուրքիայի հետ եւ սահմանները բացելու, ճանապարհ տալու մասին է խոսում, մյուս կողմից՝ մեր սահմաններին շարունակում են կրակել, ու հայ երիտասարդներ են զոհվում: Ագրեսորն էլ հայտարարում է, թե խաղաղություն է ուզում, եւ ՀՀ իշխանությունների հետ ակտիվ շփումների մեջ է, սակայն նրա մերձավոր դաշնակիցը մեր երեխաներին է սպանում, որ հանկարծ «խաղաղության» ուղուց դույզն ինչ չշեղվենք: Իսկ Հայաստանը` ծուղակն ընկած գազանի նման, հանգիստ սպասում է իր վախճանին:

Ինչպե՞ս ստացվեց, որ խաղաղության, հաշտության, սահմանների բացման ազնիվ գաղափարը վերածվեց մեր ազգի ստորացման, պարտության, ոչնչացման գործընթացի: Ինչպե՞ս ստացվեց, որ կոռումպացված իշխանություններից ազատվելու մղումը մեզ ստիպեց իշխանության բերել մի խմբակի, որն իսպառ զուրկ է ազգային արժանապատվության եւ պատմական հիշողության բեռից: Ինչպե՞ս ստացվեց, որ մենք հրաժարվեցինք Արցախի անկախության գաղափարից, ապա՝ ցեղասպանության դատից, հետո համաձայնեցինք, որ մենք կարող ենք կապող «օղակ» լինել երկու թուրքական պետությունների միջեւ, եւ, ի վերջո, հայտնվեցինք թշնամի պետություններից մեզ թելադրված օրակարգի աքցաններում:

Ի վերջո, որքան էլ Ռուբեն Ռուբինյանը զայրանա ու հայհոյի, մի բան փաստ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն է այսօր թելադրում Հայաստանի վարքը: Կարեւոր որոշումների մասին առաջինը նրանք են հայտարարում, հանդիպումների տեղն ու օրակարգն են նրանք որոշում եւ որոշելու են նաեւ հանդիպումների ելքը: Անշուշտ, կարող է թվալ, թե մեր բանագնացի մեքենայի վրա հայկական դրոշի բացակայությունը մանրուք է, բայց դա եւս խոսում է այս գործընթացում թուրքական կողմի լիդերության մասին: