Զրկել մարդուն իր ժողովրդի ու բանակի կողքին լինելու հնարավորությունից՝ աններելի է. փաստաբան

Զրկել մարդուն իր ժողովրդի ու բանակի կողքին լինելու հնարավորությունից՝ աններելի է. փաստաբան

Փաստաբան Սամվել Դիլբանդյանը գրել է՝

Չեմ հասկանում իշխանությունների եւ դատախազության կեցվածքը՝ Գագիկ Ծառուկյանին տուգանք նախատեսող հոդվածով կալանքի տակ պահելու։ Երկրի համար օրհասական այս պահին, երբ կոչ է արվում վեր կանգնել ամեն ինչից եւ համախմբվել՝ միաժամանակ իմանալով նրա հնարավորություններն ու արտաքին աշխարհի հետ ունեցած կապերը՝ զրկել մարդուն իր ժողովրդի ու բանակի կողքին լինելու հնարավորությունից՝ անկասկած անընդունելի եւ աններելի է։ Քրեական գործ հարուցելուց չորս ամիս անց՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքով ազատությունից զրկելը, երբ որեւէ ապացույց չի ներկայացվել դրա հիմնավորման համար, կարծում ենք, որ այս մոտեցումը չի տեղավորվում ոչ իրավունքի եւ ոչ էլ բարոյական արժեհամակարգի մեջ։

Գագիկ Ծառուկյանին պահել անազատության մեջ, որպեսզի չսպառնա վկաներին անհիմն պատճառաբանություն է, քանի որ անցել է չորս ամիս եւ այդ վկաներն արդեն հարցաքննված են։ Եթե այդ վկաներին պետք է սպառնային, ապա դա կարվեր մինչեւ հարցաքննությունը եւ ոչ թե հարցաքննությունից հետո։ Հիմա վերացական հիմնավորմամբ անձին ազատությունից զրկելը՝ սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է։ Եթե այսօր հանրությունը եւ քաղաքական շատ ուժեր պահանջում են փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ նրան իրենց հետ միասին տեսնել թշնամու դեմ պայքարում, ապա ինչ խնդիր կա նրան ազատ չարձակելու։