Շուտով հայտարարություն կանենք

Շուտով հայտարարություն կանենք

Աղավնոյի, Բերձորի, Սուսի՝ Ադրբեջանին հանձնելու ֆոնին աննախադեպ հանդարտություն է տիրում ընդդիմադիր շրջանակներում։ Արցախի փրկության օրակարգով ամիսներ շարունակ Երեւանի փողոցներում Դիմադրության շարժման նախաձեռնողները ոչ Աղավնո են այցելում, ոչ բողոքի ակցիաներ իրականացնում։ Տեղեկություններ կան, որ ընդդիմադիրներին ռուսական շրջանակներից հասկացրել են, որ պետք չէ ավելորդ ակտիվություն դրսեւորել, գնացքը գնացել է եւ պետք չէ նոր լարվածություն առաջացնել։

Զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ- ական Թադեւոս Ավետիսյանի հետ։

- Ընդդիմությունը Արցախի փրկության օրակարգ ունի՞, թե՞ այլեւս չունի: Աղավնոյի, Բերձորի, Սուսի  հանձնումը կանխելու օրաակարգով ակցիաներ կարծես թե չեք նախաձեռնում, ինչո՞ւ։ Համարում եք, որ ամեն բան անշրջելի՞ է։

- Քննարկում ենք, շուտով հայտարարություն կլինի եւ կարծում եմ, որ այդտեղ մանրամասները կնշվեն։

- Գործողություններ սպասե՞նք, թե՞ կբավարարվեք  հերթական դատապարտող հայտարարությամբ։

- Կասենք, այդ հայտարարության շրջանակներում բոլոր հարցերի պատասխանները կգտնեք, քննարկում ենք մանրամասները, երբ վերջնական որոշում կունենանք, ձեզ կտեղեկացնենք։

- Իսկ ինչն եք այդքան երկար քննարկում։

- Այն, ինչ որ դուք ասացիք, Աղավնոյի հետ կապված գնահատում եւ նաեւ անելիքների հետ կապված։։

- Կարծում եք անելիք ունե՞ք, հնարավո՞ր է` գնաք եւ կանխեք հանձնումը։

- Դե, ավելին չեմ կարող ասել։

- Օրինակ, ի՞նչն է խանգարում, որ այս օրերին լինեք Աղավնոյում, տնազրկման շեմին կանգնած մարդկանց կողքին։

- Գիտեք այցեր Աղավնո առաջին անգամ չէ, որ մենք պետք է անենք, մենք մշտապես այցելել ենք եւ դուք տեղյակ եք, որ մի անգամ էլ մեր մուտքը արգելվեց Արցախ։ Այդ այցելությունները մշտապես եղել են, դա մեր հիմնական օրակարգն է, բնականաբար, մեր անելիքների մասով հանրությունն էլ կտեղեկանա, պայքարը հանուն Արցախի շարունակվում է, Դիմադրության շարժման հիմնական օրակարգն է դա եւ դրա համար ենք պայքարի  դուրս եկել ու  մեր գործողությունները շարունակվելու են։

- Չեք կարծո՞ւմ, որ մինչեւ դուք սկսեք պայքարել, Արցախը մաս- մաս կհանձնեն, օրինակ, Աղավնոյի, մյուս համայնքների պարագայում ժամկետ է նշվում՝ օգոստոսի 25- ը։

- Ես ասացի՝ այսօր կամ վաղը հայտարարություն կտարածենք

- Տեղեկություններ կան, որ ռուսական շրջանակներն են ձեզ զգուշացրել, որ ակտիվություն չցուցաբերեք։

- Ես չեմ կարող մեկնաբանել  գոյություն չունեցող տեղեկությունները։

- Ձեր պասիվությունը չի՞ հաստատում այդ տեղեկությունը, ասենք` ինչ պիտի լինի, որ մարդկանց փողոց հանեք։

- Ես ձեզանից եմ լսում այդ տեղեկության մասին, ու պնդում եմ, որ պայքարում ենք  բացառապես հանուն Հայաստանի ազգային շահի։