Սոնայի վթարի պատճառը

Սոնայի վթարի պատճառը

Վերջը կառավարությունը գցեց -բռնեց ու հաստատեց, որ վթարի ժամանակ վարչապետը եղել է շարասյան մեքենաներից մեկում։ Իմացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հոր հետ, ցավակցություն ու ափսոսանք հայտնել` երաշխավորելով, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն: Աշխատակազմի ղեկավարի վթարի վերաբերյալ պատճառաբանությունը որ լսում ես, վարչապետի կատարած «բոլոր օբյեկտիվ քննություններն ես հիշում» ու հասկանում, որ նրա «բոլոր օբյեկտիվ քննություններն այն են», որ ինքը իրեն դուրս հանի բոլոր քննություններից։ Ինքը ոչ մի բանի պատասխանատու չի, ինքը միայն իրենից դուրս «օբյեկտիվ» քննություններ է անում։ 

Մինչև վթարը՝ ապրիլի 24- ին, «Վախիդ ձեռը «պլե՞ն ենք ընկել» վերտառությամբ մի հոդված էի գրել, որը պարզ պատասխանում է, թե վարչապետի վախը մեզ ուր կարող է հասցնել։ Դա իմ կարծիքն էր, որը լսելու դեպքում օգտակար կլիներ վարչապետին։ Ու ահա մի քանի օր հետո վարչապետի ավտոշարասյան դեպքը։ Հղի կնոջը վթարի ենթարկել ու թողնել, փախչել՝ պատճառաբանություններ որոնելով։ Հիմա էլ ասում է՝ օբյեկտիվ քննություն կանեմ։ Ոչ մի օբյեկտիվ քննություն էլ պետք չի։ Ապրիլի 24-ին ես արդեն գրել եմ, որ ժողովուրդը «պլեն է վարչապետի վախի ձեռքին,»։ Այդ վախը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա։ Պատկերացրեք «վախից փախչող մի մարդ»։ Այդ մարդը կտեսնի՞ իր ոտի տակ ընկած մեկին կամ կկանգնի՞ մեկին օգնի։ Սոնայի ու իր բալիկի մահը վարչապետի վախն է։ Սոնայի վրաերթի օբյեկտիվ քննությունը դա է։ 

Ի դեպ վախը, կեղծ խաղաղությամբ վախը քողարկելը կործանարար է նաև պետության համար, ու մենք դրա մեջ ենք ազգովի։